«ԱրմենՏել» ՓԲԸ-ում ներկայում անցկացվում է հարկային ստուգում: Այս մասին armlur.am-ին հայտնեցին ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ԱրմենՏել» ՓԲԸ -ից տեղեկացրեցին, որ որպես պարտաճանաչ և խոշոր հարկ վճարող իր հարկային պարտավորությունները կատարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և շրջանակներում։
«Տեղեկացնում ենք, որ անցյալ տարվանից «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունում անցկացվում է հարկային ստուգում` այլ ընկերության կողմից հարկային պարտավորությունների չկատարման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում և այդ առնչությամբ ընկերությունը չի ստացել որևէ արձանագրություն ՀՀ հարկային մարմինների կողմից», – նշված է հաղորդագրության մեջ։
Ի պատասխան մեր այն հարցի, թե կարող են արդեն որևէ տեղեկություն տրամադրել ստուգումների արդյունքների վերաբերյալ, նշված է.
«Հարկ ենք համարում նշել, որ ընկերության շահերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների դեպքում, ընկերությունը դիմում է համապատասխան իրավապահ մարմիններին։ «ԱրմենՏել» ընկերությունն իրավասու չէ մեկնաբանել հետագա գործողությունները, որոնք իրականացվում են իրավապահ մարմինների կողմից և գտնվում են նրանց իրավասության ներքո»: