Մեկնարկել է Beeline-ի և ՀԳՀՄ համատեղ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 հոկտեմբերի, 2015 թվական, Երևան. Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից. ծրագրի առաջին փուլում շուրջ 350 երիտասարդներ և ուսանողներ Հայաստանի ողջ տարածքից հնարավորություն կստանան մասնակից լինել «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին։ Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ընտրել 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, որոնց համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց «Ինչպես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Ծրագրի երրորդ փուլը կլինի արդեն թվով 15-20 հաջողակների համար, ում կաջակցեն հիմնել և վարել սեփական բիզնեսը:

«Մենք կարևորում ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ հաջող համագործակցությունը և հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման գործընթացում»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՀԳՀՄ-ն իր երախտագիտությունն է հայտնում Beeline-ին, որի շնորհիվ ՀՀ-ում էականորեն կբարելավվի երիտասարդության մրցունակության խնդիրը, կհիմնվեն նոր բիզնեսներ և կձևավորվի երիտասարդ մենեջերների նոր էշելոն: Beeline–ը մշտապես դրսևորում է կորպորատիվ պատասխանատվություն ՀՀ-ում առկա տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք իրականացվում են կոնֆերանսների կազմակերպման, հետազոտությունների իրականացման և թրեյնինգների անցկացման միջոցով», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ ծրագրի առաջին փուլի ընթացքում բոլոր մասնակիցներն լրացնում են հարցաշարեր, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդների շրջանում առկա հետաքրքրություն ձեռներեցության հանդեպ: Նրանք հնարավորություն են ստանում հանդես գալ նորարարական բիզնես գաղափարներով և նախաձեռնություններով: Մասնագիտացված հանձնաժողովը կքննի հարցաշարերը և մրցակցության արդյունքում կընտրվեն լավագույն առաջարկները: «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին կարող են մասնակցել երիտասարդներ մայրաքաղաքի տարբեր բարձր ուսումնական հաստատություններից, քոլեջներից, ավագ դպրոցներից ինչպես նաև ՀՀ մարզերից: Դասընթացների ավարտին երիտասարդներին կտրամադրվի հավաստագրեր:




Լրահոս