ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լեւոն Յոլյանը ՀՀ նախագահի հրամանով օրերս վերանշանակվելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ: Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ նա հետեւողական լուրեր էր տարածում, թե նշանակվելու է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն: Սակայն չստացվեց. նա կրկին վերադառնում է ՎՊ ու կրկին ենթակայի կարգավիճակով:

 

 

ԴԵՄ ԵՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցության՝ երեկ առավոտյան կայացած նիստը բավական թեժ է անցել: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ նիստի ժամանակ 2014թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը բաժանվել է երկու մասի. գործարար պատգամավորների մի խումբ Գուրգեն Արսենյանի ղեկավարությամբ պնդել է, որ ԲՀԿ խմբակցությունից որեւէ մեկը պետք է բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունենա, հիմնավորի իրենց «դեմ» դիրքորոշումը, որից հետո բոյկոտի քվեարկությունը` աղմուկով լքելով դահլիճը: «Պռատեստ պիտի անել»,-պնդել է Արսենյանը: Սակայն պատգամավորների մյուս խումբը պնդել է, որ ԲՀԿ-ն պետք է մնա ու «դեմ» քվեարկի բյուջեի նախագծին: Ընդ որում, որպես հիմնավորում նշվել է, որ եթե իրենք «դեմ» կոճակը չսեղմեն, ապա դա կարող է սխալ ընկալվել, մանավանդ որ մամուլը վերջին օրերին պարբերաբար գրում է, թե իբր ԲՀԿ-ն սկսել է նահանջել, իբր Ծառուկյանը հրահանգել է ԲՀԿ-ականներին չքննադատել կառավարությանը: Խմբակցության առավոտվա նիստում, սակայն, պատգամավորներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ: Եվ արդյունքում ժամը 17-ի սահմաններում եւս մեկ նիստ էլ գումարվել է ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, այս անգամ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ:
«Ժողովուր»-դի տեղեկություններով՝ Ծառուկյանի միջամտությամբ որոշում է կայացվել, որ ԲՀԿ խմբակցությունը պետք է մնա ու միաձայն «դեմ» քվեարկի 2014թ. բյուջեի նախագծին: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաստատեց խմբակցության նիստի մասին լուրը` ասելով, որ որոշում են կայացրել «դեմ» քվեարկել:

 

 

«ԱՏԿԱՏԻ» ՃԱՔԵՐԸ

ԱԺ հին եւ նոր մասնաշենքերը կապող միջանցքը սկսել է ճաքեր տալ. այս միջանցքի` հին մասնաշենքին միացող հատվածի երկու կողմերից թափվել է ծեփամածիկը, ու պատերի արանքից հնարավոր է ծիկրակել դեպի ԱԺ բակ: Թեեւ այդ անցքերը փակելը ո՛չ մեծ ջանք է պահանջում, ո՛չ էլ լուրջ գումարներ, այնուամենայնիվ, արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ միջանցքում նման բարձիթողի վիճակ է: Հավելենք, որ այդ շինարարական աշխատանքներն ընդամենը մի քանի տարի առաջ են ավարտվել: Հետաքրքիր է՝ տեխնիկական զննություն անցե՞լ են, թե՞ գերիշխել է «ատկատի» ռեժիմը:




Լրահոս