ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային, իսկ իրականում որոշ օլիգարխների գերակա շահի հերթական զոհերից մեկը` Երեւանի Փ.Բուզանդի փողոցի տներից մեկի բնակչուհի Նունե Համբարձումյանը, «Ժողովուրդ»-ի միջոցով  բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին` ակնկալելով վերջինիս միջամտությունը Երեւանի կենտրոնի բնակիչների ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում:
«Մեծարգո՛ պարոն նախագահ, շարունակելով  պայքարել (շուրջ 7 տարի) մեր  սահմանադրական  իրավունքի  համար` արդարության  վերականգնումը  կապեցինք Ձեր  անվան  հետ: 2008-ին  ստացանք  Ձեր  նախընտրական  խոստումը`  կապված իրացվող  տարածքների  հետ, սակայն  սայլը  տեղից  չշարժվեց, ոչինչ չփոխվեց  անգամ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող  փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի  տների  կարգավիճակի մասին» օրենքի ընդունումից  հետո, դեռ ավելի վատ, մեր  տունը,  որտեղ  բնակվում  ենք  մենք  շուրջ 100  տարի, քաղաքապետարանի որոշմամբ 2010-ին դարձավ քաղաքապետարանի  սեփականություն, չնայած նրան, որ մեր ձեռքում էր գտնվում դեռ 1998-ին քաղաքապետարանի կողմից  տրված  հատակագիծը, որտեղ  նշված  էր,  որ  տունը  կառուցվել է 15-ից-70-ական թվականներին, ունենք  արբանյակային հանույթ,  որտեղ  երեւում է, որ տունը կառուցվել է մինչեւ  2001-ի  մայիսի 15-ը, ունենք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության  եզրակացությունը, որտեղ նշված է, որ «հողօգտագործման իրավունքի  ձեւակերպման վերաբերյալ քաղաքաշինության  տեսակետից  առարկություն  չունի»: Սակայն  այս  ամենն  անտեսվեց պատկան մարմինների կողմից:
1915-ին Թուրքիայում իրականացվեց 1,5 միլիոն  հայերի  Ցեղասպանություն, փրկվածների  մի  մասը  գաղթեց  Հայաստան  (ինչպես ամուսնուս պապը),  տուն սարքեցին եւ սերնդեսերունդ փոխանցեցին  այն: Արդեն չորրորդ սերունդը  բնակվում է Բուզանդի 83-ում, սակայն Եղեռնից շուրջ 100 տարի անց վտարման առաջ կանգնեցին նրանց ժառանգները` այս անգամ սեփական հայրենիքում սեփական կառավարության կողմից: Տարբերությունը միայն  թուրք ու հայ  լինելու մեջ է,  որը, իմ կարծիքով, ավելի դաժան է` վտարողը հայն է, իսկ քո միակ մեղքն այն է, որ բնակվում ես կենտրոնում, եւ ինչ-որ մեկին պետք է այդ տարածքը: Կարծում եմ, Եղեռնը վերապրածների ժառանգներին շատ լավ «նվեր» է մատուցում կառավարությունը Եղեռնի 100-ամյակի  առթիվ:
Մեծարգո՛ նախագահ, բազմիցս դիմել ենք Ձեր աշխատակազմին, վարչապետին,  քաղաքապետարանին, բայց ապարդյուն, քանի որ բոլոր նամակները  հասցեագրվում են ԾԻԳ-ին: Այդ իսկ պատճառով որոշեցի հանդես գալ բաց նամակով, որով,  հուսով  եմ, Դուք  կտեղեկացվեք  մեր  խնդրի  մասին, եւ կվերականգնվեն մեր ոտնահարված իրավունքները, քանի որ այլեւս անհնար է  հանդուրժել այս պետական մակարդակով իրականացվող ոտնձգությունները:
Հ.Գ. Հաշվի չառնելով այն փաստը, որ տան վերաբերյալ վեճը գտնվում է դատարաններում, առանց փաստաթուղթ ներկայացնելու, ԾԻԳ-ը քանդեց մեր տան  հետնապատը:
Խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը մեր խնդրի լուծման հարցում:  

Փ.Բուզ0անդի տան բնակչուհի
ՆՈՒՆԵՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս