ՕԵԿ-ԻՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓՈՂՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պաշտոնապես արձանագրված 32,5 տոկոս աղքատության պայմաններում «Օրինաց երկիր» կուսակցությունը կարեւորել է իր համար կառավարությունից «փող պոկելը»: Այս կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կառավարությանն առաջարկել է 2014թ. բյուջեում «նախատեսել գումարներ կուսակցություններին տրվող գումարի չափն ավելացնելու համար»: Առավել ուշագրավն այն է, որ կառավարությունը չի մերժել առաջարկը, եւ «ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծով կուսակցություններին պետական աջակցության նպատակով նախատեսվել է շուրջ 75.7 միլիոն դրամ»: Հավելենք, որ գումարները կստանան միայն խորհրդարանում գտնվող կուսակցությունները: Այսպիսով՝ երկրում առկա «հիմնական խնդիրները լուծվեցին». ՕԵԿ-ը պետությունից գումար կստանա՝ առաջին նախագահի բնորոշմամբ «ՀՀԿ-ի կույրաղիք» «աշխատելու» համար:

 

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերին «Երեւանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արկադի Պողոսյանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության: Մեր տեղեկություններով՝ նա ներմուծել է կոնյակի ինքնասոսնձվող պիտակներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմիններին: Ու երբ այս խայտառակությունը բացահայտվել է, գործարանի ներկայացուցիչը տուգանվել է 50.000 դրամով: Հիշեցնենք, որ «Երեւանի կոնյակի գործարան»-ը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Փաստորեն, ՀՀ կառավարությանը օրուգիշեր քննադատող ուժի ղեկավարն ինքն է օրինախախտ:

 

 
ՀՀ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար. ընդ որում, հիմնականում դրանք գնել են «Ագուլիս մեկ» ՍՊԸ-ից: Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին` 159 հազար դրամի, նոյեմբերի 15-ին` 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին` 993 հազար դրամի հուշանվերներ են գնել: Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել. ավելի քան 905 հազար դրամի հուշանվեր գնել է «Վալերի Ստեփանյան» ԱՁ-ից, 230 հազար դրամի հուշանվեր՝ «Արեւնակ», 528 հազար դրամի հուշանվեր էլ` «Գոլդն րեյպ արմաս» ընկերություններից եւ այսպես շարունակ: Այնպիսի տպավորություն է, որ գործադիրում «անցումային» տրամադրություններ են, եւ հուշանվերների փոխանցումը խիստ արդիական է:

 

 
2012-ից ՀՀ-ում ներդրված սոցիալական փաթեթների համակարգը գոնե բժշկական ապահովագրության մասով իրեն չարդարացրեց, դրա համար էլ որոշվել է 2014-ից ապահովագրական ընկերություններին փոխանցվելիք գումարները տալ ՀՀ առողջապահության նախարարությանը: Այս որոշումը դուր չի եկել ընկերություններից շատերին, ու նրանք, ըստ էության, որոշել են, տարին դեռ չավարտած, այլեւս ծառայություն չմատուցել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ուսուցչուհին պատմեց, որ գինեկոլոգն իրեն հետազոտելուց հետո եզրահանգել է, որ փոքր (50 հազար դրամի սահմաններում) վիրահատական միջամտություն պետք է արվի. «Երբ արդեն վիրահատությանս օրը պետք է նշանակվեր, «Ռեսո» ընկերությունը պիտի ինձ տեղեկանք տար փոխհատուցման համար, սակայն հրաժարվեցին՝ նշելով, թե իմ կյանքին սպառնացող վտանգ չկա, հետեւաբար փոխհատուցելու անհրաժեշտություն չկա»: Իսկ «Ռեսո»-ից էլ «Ժողովուրդ»-ին ասացին. «Սա ֆինանսական կառույց է: Մենք, եղել է, սրտի վիրահատության համար 2 մլն դրամ ենք վճարել… Եթե քաղաքացին դժգոհ է մնացել, կարող է դիմել ֆինանսական հաշտարարին»:




Լրահոս