Հուլիսի 12-ը Նաիրի Զարյանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում։ Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո ստանում է համալսարանական կրթություն և դառնում ճանաչված գրող։

Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։

1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944 թ.) որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։

Նա մահացել է 1969թ. հուլիսի 12-ին:




Լրահոս