ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈԹՈՐԻԿ ԿԵՍ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

Նախօրեին ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղային առաջին օրը: A, B, C եւ D խմբերից հաջորդ փուլ դուրս եկան հետեւյալ թիմերը. առաջին տեղով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Մադրիդի «Ռեալ»-ը, «Պարի Սեն Ժերմեն»-ը, «Բավարիա»-ն, երկրորդ տեղով՝ «Բայեր»-ը, «Յուվենտուս»-ը կամ «Գալաթասարայ»-ը (հանդիպումն առատ ձյան պատճառով վերախաղարկվելու է), «Օլիմպիակոս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն։ Եվրոպայի լիգայի 1/16-ի ուղեգիր ձեռք բերեցին «Շախտյոր»-ը, «Յուվենտուս»-ը կամ «Գալաթասարայ»-ը, «Բենֆիկա»-ն, «Վիկտորիա»-ն։
Երեկ` ուշ երեկոյան, կայացան E-H խմբերի վերջին տուրի հանդիպումները, որտեղ հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում «Մարսել»-«Բորուսիա» հանդիպումն էր։ Նույն F խմբում կայանալու էր նաեւ «Նապոլի»-«Արսենալ» մրցավեճը։ Մրցեցին նաեւ «Չելսի»-«Ստյաուա», «Շալկե-04»-«Բազել», «Ատլետիկո»-«Պորտու», «Աուստրիա»-«Զենիթ», «Միլան»-«Այաքս» եւ «Բարսելոնա»-«Սելտիկ» զույգերը։
Մինչ Եվրոպան որոշում է լավագույն ակումբներին, մեզ մոտ մարզական լրագրողների ֆեդերացիան սկսել է 2013 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկներին որոշելու գործընթացը։ Այս անգամ լավագույն մարզիկների ցուցակը ներկայացրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, եւ այդ ցուցակում որեւէ ֆուտբոլիստ չկա։ Ավելին` նույն նախարարության՝ տարվա արդյունքներով պարգեւատրված 91 մարզիկների թվում նույնպես ֆուտբոլիստ չկա։ Ըստ մեզ` սպորտի նախարարությունն իրավացիորեն առաջնորդվել է արդյունքներով, բայց դա լարվածություն է առաջացրել հայաստանյան ֆուտբոլային աշխարհում։ Եվ պատահական չէր, որ դեկտեմբերի 10-ին, ինչպես գրում է top-news.am կայքը, «խիստ վատ տրամադրությամբ սպորտի նախարարությունում է հայտնվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ բացատրություն պահանջել իրեն հարազատ ձեւերով եւ եղանակներով: Ըստ նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների` Հայրապետյանը փորձել է հասկանալ, թե ում հրահանգն է կատարում Յուրի Վարդանյանը, եւ պահանջել է ֆուտբոլիստներից մեկի անունն ընդգրկել լավագույն տասնյակում»:
Այդ թեմային է անդրադարձել նաեւ շվեդական «Ասիրիսկա»-ի եզրային կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ կերպ են առաջնորդվում մեր սպորտի նախարարությունում, որ, ասենք, գոնե մեկ ֆուտբոլիստ չի հայտնվում «Հայաստանի լավագույն մարզիկ» անվանակարգի թեկնածուների շարքում: Հասկանում եմ, որ դժվար թե ֆուտբոլիստը, ինչքան էլ հայտնի եւ լավը լինի, հայտնվի, ասենք, լավագույն եռյակում, քանզի կան մարզիկներ այլ սպորտաձեւերից, ովքեր աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ են դարձել այս տարի, եւ արդարացիորեն նրանցից որեւիցե մեկը կհաղթի: Բայց, միեւնույն է, արդարացի չէ, որ ֆուտբոլիստներից որեւիցե մեկը չկա տասնյակում, էլ չեմ ասում՝ թեկնածուների մեջ: Իրոք, տարօրինակ ա եւ ինչ-որ տեղ զայրույթ ա առաջացնում»։
Այս ամենը կարելի է համեմատել մեկ, ավելի ճիշտ՝ կես բաժակ ջրում փոթորկի հետ։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս