ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

60 ՄԼՆ` ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 17-ին հանդիսավորությամբ կվառվեն ՀՀ գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը: Միաժամանակ միացվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը: Նույն օրը մեկնարկ է տրվելու բոլոր ամանորյա միջոցառումներին: Մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձեւավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից: Այն կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով եւ 38,000 լուսադիոդային լամպերով: Երեւանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում: Նշենք, որ այս տարի մայրաքաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 20 միլիոն, իսկ մշակութային միջոցառումների համար` 40 միլիոն դրամ:

 

 

ՎՈԼՈՉԿՈՎԱՅԻ ՆՈՐ ԸՆՏՐՅԱԼԸ

Ռուսաստանյան բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան նոր ընտրյալ ունի: Դեռ մեկ ամիս չի անցել, ինչ պարուհին բաժանվել է Բախտիյար Սալիմովից, եւ նա արդեն նոր հարաբերություններ է կառուցում: Սկանդալային աստղի նոր ուղեկիցը բիզնեսմեն է` Ալեքսանդր Ցուդիկ անվամբ: Նա Իսրայելում գտնվող Virgin Stone խոշոր ոսկերչական ընկերության ղեկավարն է: Հանրության մեջ զույգին առաջին անգամ տեսել են Մոսկվայի կարաոկե-ռեստորաններից մեկում: Սիրահարներն իրենց պահել են ազատ` չթաքցնելով զգացմունքները:

 

 

«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆԵՐԸ

«Ֆեյսբուք» սոցցանցի ներկայացուցիչները հրապարակել են այն թեմաների ցանկը, որոնց մասին օգտատերերն ամենաշատն են խոսել անցնող տարվա ընթացքում: Որքան էլ զարմանալի է, 2013-ին օգտատերերին ամենաշատը հետաքրքրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել այս տարի: Երկրորդ հորիզոնականում են ընտրությունները, որոնք անցկացվել են Ռուսաստանում, Իտալիայում, Իրանում, Քենիայում, Հնդկաստանում: Ցուցակում 3-րդ թեման է դարձել Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջի ծնունդը: Հաջորդ թեմաները տասնյակում հետեւյալն են. թայֆուններ Հարավարեւելյան Ասիայում, Մարգարետ Թետչերի մահը, «Հարլեմ շեյք» զվարճալի պարը, ահաբեկչությունը Բոստոնյան մարաթոնում, Մերկ Մայլի Սայրուսը, «Տուր դե Ֆրանս» հեծանվարշավը Փարիզում, Նելսոն Մանդելայի մահը:




Լրահոս