Ճայերի թշնամին կամ հանքերի տիրակալը` Վարդան Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Из грязи в князи». սիրում են ասել ռուսները: Ընդ որում, այս արտահայտությունը վերաբերում է այն անձանց, ովքեր ոչ թե իրենց քրտնաջան աշխատանքով են ներքևից վերև մագլցել, այլ փառքի ու հարստության մեջ են հայտնվել առավելապես խորամանկության և ինտրիգների շնորհիվ:

Բնապահպանության նախկին նախարար, ներկայիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին հեշտությամբ կարելի է դասել թե՛ խորամանկների, թե՛ հաջողակների շարքին, քանի որ բնատուր խելքը, ինչպես նաև՝ «շուստրիությունը», օգնել են նրան բանվորից հասնել նախ վարպետի կարգավիճակի, այնուհետև՝ արտադրամասի պետի, գլխավոր ինժեների, հացի գործարանի տնօրենի, և այսպես շարունակ:

Իսկ ինչ վերաբերում է նրա քաղաքական կարիերային, այն բավականին շուտ է սկսվել:

1996-1999թթ. Այվազյանը եղել է Չարենցավանի քաղաքապետ, զուգահեռ՝ նաև Ազգային ժողովի պատգամավոր, իսկ հետո բնապահպանության նախարար, որից հետո դարձյալ ձեռք է բերել պատգամավորական մանդատ:

Ի դեպ, նախարարական պորտֆելին մեր հերոսն արժանացել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ թիմակիցը լինելու շնորհիվ, և ասում են` Վ. Այվազյանը նեղ շրջանակում շարունակ նեղսրտում է, թե Ռ. Քոչարյանի օրոք ավելի լավ էին գործերը:

Այվազյանի կարողության մասին կարելի է խոսել ժամերով, բայց պատգամավորն ինքը չի խոստովանում, որ զբաղվում է բիզնեսով: Սակայն իր թանկագին անձը ոչ միայն մեր հանրության ուշադրության կենտրոնում է միշտ եղել, այլև՝ հայտնվել միջազգային սկանդալային լրահոսի մեջ: Դեռ մի քանի տարի առաջ աշխարհը, շունչը պահած, հետևում էր վիքիլիքսյան բացահայտումներին. և ահա դրանցում հայտնվեց նաև մեր ոչ բիզնեսմեն նախարար-պատգամավորը` Վ. Այվազյան բնապահպանության նախարարը, ով, ըստ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի նամակագրության, ոսկու հանքերի շահագործման թույլտվության համար 2005-ին «Գլոբալ գոլդ» ընկերությունից պահանջել էր 3 միլիոն դոլար կաշառք` այդ մասին հայտնելով ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին: Հետաքրքիրն այն էր, որ նամակի հեղինակը մատնանշում էր նաև կաշառքի հասցեատիրոջը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանին, ով պետք է այն ստանար: Սակայն, քանի որ ընկերությունը հրաժարվել է նման անօրինական գործարքից, նախարարությունը cancel է արել երկու հանքավայրերում աշխատանքներ իրականացնելու ընկերության թույլտվությունը:

Այս տարիների ընթացքում Վ. Այվազյանը բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով փորձել է հերքել այդ պատմության հետ կապված տեղեկությունները: Սակայն մի բան է, երբ դրա մասին գրում է տեղական մամուլը, մեկ այլ բան, երբ դա հավաստում է ԱՄՆ-ի դեսպանը` Wikileaks-ի ներկայացմամբ:

Բազմիցս է գրվել նաև, որ ալկոհոլ օգտագործելուց հետո, երբ մանավանդ Վարդան Այվազյանն իր սիրելի վայրում է՝ Սևանի ափին, սիրում է կրակել ճայերի վրա:

Նշենք, որ այսօր էլ, երբ Վ.Այվազյանն արդեն նախարար չէ, նրա անունը կապվում է հանքերի աղմկահարույց շահագործման հետ:

Իսկ հիմա համառոտ ներկայացնենք այն ամենը, ինչ կապում են Վ. Այվազյանի անվան հետ: Նախ, որպեսզի համապատասխանի «ես բիզնես չունեմ» շաբլոնին, Այվազյանին պատկանող բոլոր նշված ընկերությունները, որոնք զբաղվում են բացառապես հանքերի շահագործմամբ, կա՛մ Այվազյանի կնոջ և որդու, կա՛մ էլ հարազատ եղբոր անվան տակ էին հաշվառված: Դրանք են` «Սուրարտ» ՍՊԸ` Բազումի երկաթի և Կամաքարի հանքավայր, «Գրեյդ Ռեդմետ» ընկերություն` «ֆիոլետովոյե» ոսկու հանքավայր, «Նագին» ՍՊԸ` Հրազդանի և Աբովյանի երկաթի հանքեր, ինչպես նաև՝ Սվարանցի հանքավայր «Հեմատիտ» ՍՊԸ` Վարդանիձորի, Տաշտունի, Սիփանի եւ Մազրայի ոսկու հանքավայրեր, և այլն:




Լրահոս