Նախկին պատգամավորի ընկերությունը` դատախազության տեսադաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները:«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Վայքգօլդ» ընկերության մասին է:

Այսպես, ընկերությունում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ անցած տարվա դեկտեմբերին հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմել է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ եւ շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել ընդերքին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վայքգօլդ» ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Նշենք, որ տեւական ժամանակ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ընկերությունում, ինչի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել: Ի դեպ, Ազատեկի հանքավայրում ստուգումներ սկսվել են Արթուր Գրիգորյանի` տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ ընկերության պահանջով: Բանն այն է, որ տարբեր ընկերություններ են եղել, եւ իրավահաջորդության խնդիր է առաջացել հանքավայրում:

Նշենք, որ Ազատեկի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում` Ազատեկ գյուղի մոտակայքում: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար Վարդան Այվազյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության նկատմամբ ներկայումս սահմանափակումներ են կիրառված: «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչեւ 2037 թվականն է: Բայց չնայած սրան` ընդերքօգտագործման թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս