ՊԱՐԶ ՉԷ՞, ՈՐ ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային Ժողովում  հայտնվելու համար: Իր այս որոշումը երգչուհին բացատրել է նրանով, որ ինքը «միշտ կռիվ ունեցող տեսակ է»: Անկեղծ ասած, վերհիշելով երգչուհու անցած առնվազն 5 տարիների հրապարակային գործունեությունը` դժվար է ասել, թե այդ ինչի համար է Շուշանը մինչեւ հիմա «կռիվ տվել»: Երեւի թե միայն 2008թ-ին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար, ինչից, սակայն, շատ արագ հրաժարվեց` այդ մրցույթի անլուրջ լինելու մասին սրտահովանքային հայտարարություններով: Փոխարենը իրեն «էությամբ ազատ մարդ» համարող երգչուհին մշտապես աչքի է ընկել իշխանական բոլոր միջոցառումներում եւ քարոզարշավներում երգելով: Հավանաբար Շուշանը սկզբից երգում էր, հետո «կռիվ տալիս», կամ հակառակը` սկզբից էր «կռիվ տալիս», հետո երգում` նայած հոնորարի չափին: Ամեն դեպքում, նա իր գործն էր անում` երգչուհի է, երգում էր: Լավ, թե վատ` դա արդեն ճաշակի հարց է: Սակայն քաղաքական գործունեությունն  այլ բան է` այստեղ դժվար է մարդկանց համոզել` մշտապես կրկնելով. «Ես երգում եմ ձեզ համար, փորձում եմ մաքրամաքուր պահել իմ ոլորտը` զերծ մնալով թուրքական ռաբիսից, ես հայրենասեր եմ, ես հայրենասեր եմ, ես հայրենասեր եմ…»: Եւ ինչքան էլ Շուշանի կուսակցապետն ասի, որ պետք է հավատալ, միեւնույն է, հանրությանը երգչուհու չափազանց «համեստ» ինքնագնահատականից  բացի, նաեւ այլ դրսեւորումներ են պետք լինելու: Օրինակ` արդեն քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանին կարող են հարցնել, թե նա ինչու «կռիվ չէր տալիս» մարտի 1-ին ցուցարարներին դաժանորեն ծեծած ամուսնու հետ, որին «Ջհանգիրյանի գործով» դատավարությունների ընթացքում դատարանի դահլիճում համապատասխան արտահայտությամբ էին դիմում: Եւ պետք չէ դրա համար մեղադրել լրագրողներին, ինչը երեկ արել էր երգչուհին: Եթե նա որոշել է մտնել քաղաքականություն, ուրեմն պետք է բարի լինի սովորել լսել նաեւ սեփական ինքնագնահատականից տարբերվող կարծիքներ:
 Ամեն դեպքում, հնարավոր է, որ Շուշանն ավելի լավ պատգամավոր լինի, քան Շմայսը կամ Բուռնաշը: Մեր ունեցած տեղեկություններով` Շուշանին է վերապահվել ԱԺ-ում բարոյական թեմաներով ելույթներ ունենալը: Սակայն պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ լավ ընտրություն չի կատարել: Բարոյականությունն ու մարտի 1-ն արդարացնելը դժվար համատեղվող հասկացություններ են, գրեթե այնպես, ինչպես բոլոր ժամանակների իշխանություններին քծնելն ու ամեն առիթով սեփական հայրենասիրության մասին ճառելը: Ի դեպ, բավական հատկանշական էր երգչուհու պատասխանը tert.am-ի հարցին, թե որ կուսակցությունից են իրեն պատգամավոր դառնալու առաջարկ արել. «Պարզ չէ՞, որ Հանրապետական: Ո՞ր մեկը համարձակություն կունենար ինձ զանգելու»: Իրոք, բացի ՀՀԿ-ից, ոչ մի այլ ուժ  նման բան չէր անի:




Լրահոս