ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՀԱԴԱՇՏ
ՓՈՂՈՑՆԵՐ

Տեղացած առատ ձյան հետեւանքով Վանաձորի փողոցները սահադաշտ են հիշեցնում, իսկ քաղաքապետարանը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկում՝ հայելի դարձած փողոցները ձնից ու սառույցից մաքրելու համար: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքի կենցաղային եւ սանիտարական մաքրման աշխատանքների քննարկումից պարզվեց, որ դեռ նոր պետք է ձեռք բերվեն համապատասխան քանակությամբ աղն ու ավազը: Մարզկենտրոնի բնակիչները կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ մինչ ձեռք կբերեն, գարունը կգա, ձյունը կհալվի: Իսկ քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ ուշացած հանձնարարականներ տվեց՝ անհանգստանալով հատկապես տոնական օրերի համար. «Հունվարի 1-7-ը տոնական են, պետք է աղ ձեռք բերվի, ավազ ձեռք բերվի, եւ պայմանագրեր գրվեն գրենդերների եւ ձմեռային պաշտպանության համապատասխան տեխնիկայի հետ: Եվ պետք է, որ ավազը լինի ոչ սեւ, քանի որ այդ դեպքում քաղաքի տեսքն ամբողջովին ընկնում է»: Իսկ մինչ այդ բնակիչները ստիպված են լինելու ոչ թե քայլելով, այլ պարզապես սահելով անցնել փողոցները: Վարորդներին էլ մնում է աչալուրջ լինել ու երթեւեկել միմիայն ձմեռային անվադողերով: Տեղեկացնենք նաեւ, որ արդեն մի քանի օր է՝ չեն աշխատում ներքաղաքային մի քանի երթուղիներ:

 

 

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ

Դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում, արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհի մի հատվածը դարձել է անանցանելի, որի հետեւանքով 50 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Խցանված ավտոմեքենաների գերակշիռ մասը բեռնատարներ են եղել, համարյա բոլորը՝ առանց ձմեռային անվադողերի:
Բեռնատար մեքենան, կորցնելով կառավարումը, փակել է ճանապարհը: Վարորդը դուրս է եկել, փորձել անվաշղթաներ տեղադրել, այդ պահին «Ֆորդ» մակնիշի մեքենան, կորցնելով կառավարումը, հարվածել է բեռնատարի վարորդին, ինչի հետեւանքով էլ վերջինս տեղում մահացել է: Նշենք, որ նա Ռումինիայի քաղաքացի էր: Հրշեջ փրկարարների կանչով դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը, որպեսզի բեռնատարի վարորդին տեղափոխի հիվանդանոց, սակայն շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին: Այդ ճանապարհահատվածում առատ ձյան ու մերկասառույցի պատճառով երթեւեկությունը կաթվածահար է եղել՝ առաջացնելով մեծ խցանում, որից երկար ժամանակ չի կարողացել դուրս գալ նաեւ շտապօգնության մեքենան:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի կարծիքով՝ կա նաեւ վարորդների մեղավորությունը. խցանումներ չէին առաջանա, եթե վարորդները հետեւեին փրկարարների եւ ճանապարհային ոստիկանների ցուցումներին:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս