Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախին նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանն արդեն 6 ամիս է` ազատված է աշխատանքից, իր խոսքով` տնօրեն Հովիկ Չախմախչյանի անձնական հետապնդումների պատճառով:
Թատրոնից հեռացված արվեստագետը, սակայն, չի դադարում իրեն ստեղծագործող համարելուց, եւ ըստ նրա` տարբերություն էլ չկա` թատրոնում ներկայացում է ձեւավորում, թե ինչ-որ մի տեղ նկարում է, քանդակում կամ գրում. դրանք բոլորը ինքնամաքրման միջոց են:
«Տիեզերքում կան սեւ անցքեր, որոնք կլանում են իրենց շուրջը պտտվող աստղերին, մոլորակներին եւ իրենք ավելի են հզորանում: Ես երբեք չեմ պտտվել որոշ սեւ գոյացությունների չորսբոլորը ու չեմ էլ պտտվի, եւ ինձ կուլ տալ հնարավոր չէ, իսկ մեր թատրոնում եթե հանկարծ մեկը իրենից ինչ-որ բան ներկայացնում է, իրավունք չունի աշխատելու, այդտեղ պետք է փայլի մի հատ խամրած աստղ: Ներկայացումներ են անում մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն թատրոնի հետ, 4-5 պրոֆեսիոնալ ռեժիսորներ կան, բայց այդ մարդկանց արգելված է ներկայացում անել, որպեսզի հանկարծ ստվեր չընկնի գեղարվեստական ղեկավարի վրա: Ես էլի կապրեմ առանց թատրոնի, շատ լավ կապրեմ, կսպասեմ` մինչեւ որ թատրոնը մաքրվի դրանցից»,-ասում է Հովսեփ Մեսրոպյանը:
Նախկին աշխատակիցն անդրադառնում է նաեւ թատրոնի ղեկավարության չարաշահումներին.
«Արդեն 5 տարի` ամեն նոյեմբերին, տնօրենն ինձ ուղարկել է նամակ` նախազգուշացում, որ իմ հաստիքը կամ կրճատվում է, կամ իմ կարիքը չունի թատրոնը, եւ ես դիմում եմ Աշխատանքային տեսչություն: Երկու-երեք տարի վերականգնվեցի, եւ տնօրենն այս ընթացքում սովորեց` ինչպես կարելի է մարդուց ազատվել, որ օրինական լինի, Աշխատանքային տեսչությունը սովորեցրեց սրան, փաստորեն: Եվ ես համոզված եմ, որ նա ամեն տարի կեղծ փաստաթղթեր էր տանում ներկայացնում, այս տարի էլ կեղծ փաստաթղթերով ինձ հանեցին աշխատանքից:
Նախորդ անգամ որ էլի ծանուցում էի ստացել, որ հաստիքը կրճատվում է, Աշխատանքային տեսչությունը գնաց ստուգեց եւ այնտեղ սարսափելի բաներ հայտնաբերեց, որի համար տնօրենը, իմ դիմումի հիման վրա, վարչական տույժի ենթարկվեց: Բայց խաբեց բոլորին, որ ինքն արդեն թոշակի է գնում, ներեն իրեն ու չպատժեն: Սրանից մի քանի ամիս առաջ էլ լրագրողական հոդվածի հիման վրա քրեական գործ էր հարուցվել իր դեմ, մենք ցուցմունք տվեցինք ոստիկանությունում, որ բեմադրություններից երկուսի վրա թատրոնը ոչ մի գումար չի ծախսել, այլ խաբելով բոլորին` դիպլոմային աշխատանքը գրանցել են որպես պետական պատվեր: Շահվերդյանի` 3 անգամ կրկնելուց, որ հնարավոր չէ` դիպլոմայինը մտնի պետական պատվերի մեջ, եւ մեր` 3 հոգու տված ցուցմունքից հետո, որ ոչ մի կոպեկ չի ծախսվել ներկայացման վրա, այնուամենայնիվ փակվեց այս գործը:
Սարսափելի մեծ ֆինանսական խախտումներ կան: 3-4 տարվա մեջ 15 մլն դրամ է նախարարությունը հատկացրել, մեր բեմադրած ներկայացումները հետին ամսաթվով ձեւակերպվել են պետական պատվերի տակ, ու ոչ միայն այս ուսանողական ներկայացումները, որոնց համար քրեական գործ էր հարուցվել…
Իհարկե կսիրեն Հովիկին: Նրա համար են սիրում Հովիկին, որ կան այնտեղ մարդիկ` Վահե Շահվերդյանից սկսած, եւ էլի ուրիշներ, որ ամիսներով ընդհանրապես չեն երեւում թատրոնում, բայց մեծ աշխատավարձեր են ստանում` միանգամից մի քանի տեղ աշխատելով: Հենց նույն Վահե Շահվերդյանը 4-5 տեղ աշխատում է, ամիսներով չի գալիս` կա’մ Ամերիկայում է, կա’մ եսիմ որտեղ ներկայացում է անում: Թող վերցնեն նայեն` ինչքան է ստանում միայն գործուղումների համար, որ իբր Երեւանից է գնում-gալիս, չնայած ամիսը մի անգամ էլ եթե երեւա թատրոնում, շատ մեծ բան է: Ու նրան ձեռք է տալիս այս տնօրենը: 2012 թ.դեկտեմբերից նա արդեն ժամանակավոր պաշտոնակատար է, 65 տարին էլ է անցել, բայց նրանից ազատում չկա, որովհետև Շահվերդյանն, իր ճանկերը խրած, պահում է:
Նույն Շահվերդյանը, որ բոլորի ներկայությամբ ասում էր, որ ես շատ պետք եմ թատրոնին, հանկարծ մի թուղթ է տալիս Աշխատանքային տեսչությանը, որ նկարիչ-բեմադրողի կարիք թատրոնը չունի: Դե իհարկե չունի, որովհետեւ նկարչական ձեւավորումներն անում են իրենք, պատահական մարդկանց ազգանունները գրում են, եւ արդեն պարզ է` ինչ է կատարվում: Պետությունը կթու կով է սրանց համար, ամեն մեկը զբաղված է մի բան փախցնելով, մի բան պոկելով, հատկապես ՊՈԱԿ-ի տնօրեններին թվում է, թե ամեն ինչն իրենցն է, իրենք դա պետք է տանեն, ուտեն: Ուտեն-ուտեն, ինչքա՞ն ուտեն», – վրդովված հարց է հնչեցնում թատրոնի նախկին աշխատակիցը:
Ներկայացնելու համար նաեւ հակառակ կողմի տեսակետը` «Ժողովուրդ»-ը դիմեց թատրոնի gեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին, ով, սակայն, պարզապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Միայն դիտարկմանը, թե լավ կարծիքի է եղել Հովսեփ Մեսրոպյանի մասին, հանկարծ ինչը փոխվեց, որ Աշխատանքային տեսչությանը գրավոր պատասխան ներկայացրեց, թե թատրոնում նկարիչ-բեմադրողի անհրաժեշտություն չկա, Վահե Շահվերդյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` ինչ փոխվեց, հաստիքը փոխվեց, հաստիք չկա»:
Ադրինե Թորոսյան