Գյումրու դրամատիկական թատրոնի նորանշանակ տնօրենն ու ռեժիսորը` ուսանողական ընկերներ. ի՞նչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ` օրեր առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն նշանակվեց նույն թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը (տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին մասնակցել է 3 հոգի): Ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմել էր այդ պաշտոնում առաջադրվելու որոշման մասին: Մենք Տ. Վիրաբյանից հետաքրքրվել ենք` ինչ եղանակով է պատրաստվում լուծել թատրոնում առկա խնդիրները եւ որ հարցերին է նա առաջնահերթություն տալիս:

-Պարո՛ն Վիրաբյան, առաջիկա տարիների համար թատրոնի զարգացմանն ուղղված ռազմավարական ի՞նչ ծրագրեր եք մշակել:

-Թատրոնում աշխատած բոլոր տարիներին, երբ զբաղեցրել եմ ադմինիստրացիային, պրոդյուսերությանը, մենեջմենթին առնչվող պաշտոններ, նախկին տնօրենի, գեղարվեստական ղեկավարի հետ մշակել ենք ռազմավարական ծրագիր` կոլեգիալ որոշման արդյունքում: Ընդ որում, խոսքը ոչ թե կարճաժամկետ, այլ զարգացման հեռանկարային ծրագրի մասին է, որը «տարածվում է» նաեւ 2017 թվականի վրա: Տնօրենի փոփոխությունը չի կարող որեւէ կերպ խաթարել այդ ծրագրի իրականացումը: Մինչ այդ մենք մեր առջեւ նպատակ էինք դրել թատրոնը դարձնել հանրապետության մասշտաբով մրցունակ կառույց, այնպես անել, որ այն տարիների ընթացքում չունենա հանդիսատեսի ապահովման խնդիր, որ թատրոնը որպես համերգասրահ չկիրառվի, այլ որպես թատերասրահ, կարծում եմ` ստացվեց իրականացնել այդ պլանները` իհարկե, գրանցելով որոշ բացթողումներ: Մեր հնգամյա ծրագրի վերջին փուլն արդեն առնչվում է 2017-ի հետ: Նպատակ ունենք հասնել այն բանին, որ թատրոնը տեխնիկապես վերազինվի, հանդիսատեսի շարքերը խտանան, հրավիրյալ ռեժիսորների թիվը մեծանա թատրոնում այլ ձեռագրերի «ներմուծման» նպատակով: Շատ կարեւոր է նաեւ, որ 2017-ին թատրոնը մաքսիմալ հետաքրքիր դարձնենք մասնավոր սեկտորի համար: Առաջին քայլերն արդեն արել ենք:

-Խոսքը, հավանաբար, ներդրումների մասին է: Մանրամասնե՛ք, խնդրեմ:

-Մի քանի մասնավոր ընկերությունների հետ ձեռնարկել ենք որոշ նախագծեր: Օրինակ` մի ընկերության հետ իրականացնում ենք սոցիալական ծրագիր, ցավոք, Շիրակի մարզի բնակիչներից ոչ բոլորի համար են մատչելի մեր թատրոնի տոմսերի գները: Ուստի մեկ տարվա կտրվածքով տվյալ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վճարել աբոնեմենտային ամեն տոմսի համար վճարվելիք գումարի 40 տոկոսը:

-Թատրոնի կարեւորագույն հատկություններից մեկն էլ ժամանակի զարկերակը զգալն է: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում տանել:

-Այդ նպատակը կյանքի կոչելու ուղիներից մեկը, ինչպես նշեցի, նոր ձեռագիր ունեցող ռեժիսորներին թատրոն հրավիրելն է: Կառույցը հանդիսատեսի համար մշտապես հետաքրքիր դարձնելու եղանակներից մեկն էլ փառատոների կազմակերպումն է: Ինչպես հայտնի է՝ մեր թատրոնը ծնունդ է տվել «Դուետ» միջազգային փառատոնին, որը պատրաստվում ենք անցկացնել նաեւ 2017-ին: Ավելին` աշխատելու ենք ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը:

-Պարո՛ն Վիրաբյան, տարբեր մասնագետներ, մշակույթի գործիչներ հաճախ պնդում են, որ այսօր հայ թատրոնը դարձել է տնօրինական. այսինքն` տնօրենի խոսքն է որոշիչ անգամ գեղարվեստական կյանքին առնչվող հարցերում: Սրա հետեւանքով գլխավոր ռեժիսորները հաճախ մնում են ստվերում: Ի՞նչ երաշխիքներ կան, որ Գյումրու դրամատիկական թատրոնի դեպքում եւս այս խնդիրը առաջ չի գա:

-Մեր թատրոնը զերծ է այդ վտանգից: Ասեմ, որ գլխավոր ռեժիսորի հետ ուսանողական ընկերներ ենք. մեր ստեղծագործական ողջ ճանապարհը միասին ենք անցել, միասին ենք գծագրել այն թատրոնը, որն ուզեցել ենք ունենալ: Իսկ, առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ մեր ամբողջ ռեսուրսները պետք է մաքսիմալ ծառայեն հենց ստեղծագործական կազմին, քանի որ ներկայացումն է, դերասանն է, ստեղծագործողն է կառույցի դեմքը, եւ թատրոնի առաջնահերությունն էլ պետք է լինի հենց ստեղծագործական աշխատանքի բարձր որակի ապահովումը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս