ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատողը 4 ամիս տարբեր հիվանդությունների պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ եւ ներկայացնում ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է գործատուն վճարի աշխատողի անաշխատունակության նպաստ վճարը։

Ալլա Սիմոնյան (37 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝
1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
2. Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:
Այստեղ խոսքը վերաբերում է աշխատողի մեկ տեսակի հիվանդության տեւական շարունակվելու դեպքին: Եթե աշխատողն ամիսներ շարունակ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, բայց տարբեր պատճառներով, ապա վերոնշյալ օրենքը որեւէ սահմանափակում չի նախատեսում անաշխատունակության նպաստը վճարելու ժամկետների հետ կապված:

«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում պարտադիր է, որ ե՛ւ գործատուն, եւ աշխատողը տեղյակ լինեն իրենց պարտավորություններից եւ իրավունքներից։ Հակառակ պարագայում նրանցից եւ ոչ մեկը չի կարող խուսափել ավելորդ անախորժություններից եւ թղթաբանական քաշքշուկներից։

 
ՀԱՐՑ. Այն երեխաները, ովքեր ազգությամբ հայ են, ունեն ՀՀ քաղաքացիություն, բայց ուսում են ստացել այլ երկրներում, կարո՞ղ են հետագա կրթությունը շարունակել ռուսերենով:

Մարիետա Բալայան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 5-րդ դասարանը ներառյալ այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են մինչեւ ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչեւ հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերեն ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունն ապահովելու եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխվելու պայմանով:
Մինչեւ 6-րդ դասարանը ներառյալ (առնվազն 4 ուստարի) եւ բարձր դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013-2014 ուսումնական տարում ռուսերեն սովորողների թվաքանակը Երեւանում կազմել է 91558, իսկ ընդհանուր հաշվով, ավագ դպրոցներում՝ 281548 աշակերտ։




Լրահոս