ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր, մեր աղբյուրների հավաստմամբ, Ծառուկյանին նախագահական նիստուկաց, պահվածք եւ արարողակարգ են սովորեցնում: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով, ուղղակիորեն չհերքելով այդ փաստը, ասաց. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ եւ դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»: Այսպիսով, պետք է արձանագրել, որ Գ. Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին, եւ այս օրերից գոնե նիստուկացով փորձում է նախագահի նմանվել: Սակայն պետք է նկատել, որ այդ փորձագետների աշխատանքը զուր կանցնի, եթե վերջիններս չկարողանան ազդել Ծառուկյանի արարողակարգային ընդունելությունների, հագուստի եւ դրանց գույների ընտրության վրա:

 

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ուժային կառույցների ղեկավարների միջեւ հարաբերությունները բավականին լարված են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ լարվածության պատճառն այն է, որ վերջինս, լինելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ըստ էության, չի ենթարկվում Աբրահամյանին: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ լարվածությունը շատ հին է, գալիս է 1996 թվականից, եւ ինչպես ասում են՝ Աբրահամյանը մինչեւ հիմա չի կարողանում «մարսել» Գասպարյանի մի արտահայտությունը, բացի այդ՝ ոստիկանապետը եւս չի ենթարկվում վարչապետին: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին, ապա դրանք էլ լարվել են, քանի որ Արգամիչը մտածում է, որ Օհանյանն «աչք ունի» իր պաշտոնի վրա: Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանին, ով նշեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»:

 
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումները կարող են անկանխատեսելի ընթացք ունենալ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը՝ տեսնելով, որ իր նախաձեռնության շուրջ չի կարողանում կոնսոլիդացիա ապահովել, որոշել է մի կողմ քաշվել այդ գործընթացից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ս.Սարգսյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը որոշել է չխառնվել այդ հանձնաժողովի գործերին: «Պրոֆեսիոնալներ են հավաքվել, թող անեն այն, ինչ հարմար են գտնում: Որոշել են` համակարգը փոխել, ես չեմ խանգարի, հավակնություններ էլ չունեմ»,- ասել է նա: Մեր աղբյուրների վկայությամբ, Ս.Սարգսյանին այդ հարցում համոզել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով անընդհատ պնդել է, թե երկրի բոլոր պրոբլեմների պատճառը Սահմանադրությունն է: «Ժողովուրդ»-ն այս տեղեկությունները փորձեց ճշտել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանից, ով նշեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

 

2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր «Բոդոլ» մականունով Արսեն Չիչյանը: Հիշեցնենք, որ վերջինիս անունն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին, երբ Արսենը իր շրջապատով հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա, որին ի պատասխան՝ քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել նրանց տան գույքը, ռետինե մահակով ծեծել Արսենի մորը, հորը եւ քրոջը: Բացի այդ, Արսենը, ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ հայտարարել է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով: Իսկ թե ովքեր են իրականում կրակել Արսենի վրա, առայժմ դժվար է ասել:




Լրահոս