ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է նախկին ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի եւ գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի դատավճիռները, որոնցով Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10, իսկ Արսեն Ավետյանը՝ 11 տարվա ազատազրկման:

 

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով ներկայացնել թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ տեղեկատվություն: «Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում Շեւչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ. 143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է», եւ կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է եւ վաճառվում է 200.000 դոլարով: Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է: Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ եւ ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը»,-պահանջել է ավագանու անդամը:

 

 

ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, եւ հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր: Այս մասին «Ազատությանն» ասել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` ընդգծելով, սակայն, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում: «Հյուսիսային Աֆրիկայի երկրները 1990-ական թվականների կեսերից սկսեցին ստորագրել նման համաձայնագրեր: Այն, ինչ առաջարկվում էր Արեւելյան գործընկերներին, լիովին այլ ասոցիացիա էր՝ այն, օրինակ, հնարավորություն կտար մարդկանց լեգալ կերպով աշխատել ԵՄ երկրներում, կստեղծեր ազատ առեւտրի գոտի, երիտասարդ սերնդի համար կապահովեր ուսուցողական ծրագրեր: Այսինքն՝ նույն անվան տակ թաքնված են քաղաքական ու տնտեսական տարբեր իրականություններ, ու կարող է այնպես լինել, որ անվանումը պահպանվի, սակայն այն իր մեջ կպարունակի սակավ սերտ համագործակցություն, քան ենթադրվում էր ի սկզբանե»,-ասել է Ռաչինսկին:

 

 

ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ

«Առավոտ»-ը դեռեւս դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին գրավոր հարցում է ուղարկել` ցանկանալով պարզել հետեւյալը. «Ինչպե՞ս է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսում էր հայերեն, թեեւ միջազգային ատյանում կարող էր եւ ելույթ ունենալ այլ լեզվով՝ համաձայն «Լեզվի մասին» օրենքի, մինչդեռ Հայաստանում կայացած ասուլիսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՀՀ նախագահը խոսեց ռուսերեն՝ ի խախտումն «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»: Թերթի հարցումից անցել է 8 աշխատանքային օր, սակայն նախագահականից պատասխան չի ստացվել:




Լրահոս