ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԳՐԱՎՈՐ Է ՇՓՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց կուսակցությունում դիրքորոշումների տարբերություն չկա, ընդամենը կուսակիցները բարձրաձայնում են իրենց կարծիքները:

-Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունում կարծես կրքերը չեն հանդարտվում, ու կարելի է ասել՝ օր օրի լարվածությունը մեծանում է: Ի վերջո, ինչի՞ շուրջ կուսակցությունում չեն կարողանում համաձայնության գալ, ի՞նչը ժառանգականները չեն կարողանում կիսել:
-Նախ ասեմ, որ մեզ մոտ արշալույսները խաղաղ են ու իրականում նման լարվածություն չկա: Ես կարծում եմ, որ «Ժառանգություն»-ը իշխանություններին մի շարք պատճառներով շատ է խանգարում, ուստիեւ նման հարձակումներ են սկսվել մեր կուսակցության վրա: Փորձում էին կուսակցության ներսում ինչ-որ պլաններ իրագործել, որը չստացվեց, հիմա էլ փորձում են նման ապատեղեկատվություն տարածել:
-Նշվում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակիցների հետ շփվում է էլեկտրոնային փոստի միջոցով, անգամ կուսակցության ղեկավար մարմնի անդամները չեն կարողանում նրա հետ հանդիպել, քննարկել հրատապ հարցերը, եւ նաեւ այդ ամենի արդյունքում է, որ կուսակցությունում նման իրավիճակ է ստեղծվել:
-Ուրեմն ասեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատելաոճը, ինչի մասին ինքը հայտարարել է, այն է՝ որ ոչ միայն բանավոր ենք շփվում, այլ նաեւ գրավոր: Քանի որ 21-րդ դարն է, ինֆորմացիան օպերատիվորեն մեյլերի շնորհիվ ավելի հեշտ է փոխանակել, ինչի համար էլ մեյլերով ենք շփվում: Հասարակության, հատկապես երիտասարդների մեջ, շատ տարածված է, որ շփվում են հաղորդագրությունների միջոցով: Հիմա որեւէ մեկը չի ասում, թե ինչու են նման ձեւով շփվում, շփման ձեւերից մեկն էլ դա է: Իսկ ինչ վերաբերում է պնդմանը, թե դրա պատճառով է խնդիր առաջացել, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը երբ եկել է Հայաստան, շփվել է այդ կերպ: Ես 2003 թվականի վերջից կուսակցության անդամ եմ, այդ ժամանակվանից մինչեւ հիմա Ր. Հովհաննիսյանը շփվում է մեյլերով: Էդ ո՞նց է 9 տարի շարունակ որեւէ խնդիր չառաջացավ, եկավ 10-րդ տարին՝ դրա հետ կապված ինչ-որ խնդիրներ ծագեցին, այն էլ՝ նախա եւ հետհամագումարյան շրջանում: Պարզ է, որ խնդիրը դա չէ: «Ժառանգություն»-ում ընդհանրապես կուսակցության գործունեության հետ կապված տարաձայնություն չկա: Կուսակցության որեւէ դրույթ չի փոխվել:
-Բայց ակնհայտ է, որ կուսակցությունում առկա են տարբեր դիրքորոշումներ: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Քառյակի համագործակցությունն իմաստ չունի, իսկ Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարում է, որ պետք է շարունակել ներքառյակային աշխատանքը: Դա բավարար չէ՞:
-«Ժառանգություն»-ում, փառք Աստծո, մինչեւ հիմա ամեն մեկն իր կարծիքն ունեցել է ու դա բարձրաձայնել է: Զ. Փոստանջյանը ոչ թե դեմ է խորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերի համագործակցությանը, այլ ինքը տեսնում է, որ այդ համագործակցությունը պետք է ավելի ընդլայնվի, խորհրդարանի պատերից դուրս գա, ինչի մասին եւս արտահայտվել է: Ուստիեւ այդպես խորը տարաձայնություն գոյություն չունի: Ընդհանրապես խորհրդարանական 4 ուժերի համագործակցությունը մենք ողջունում ենք, շատ դրական համագործակցություն է, բայց բոլորս էլ կարծում ենք, որ այդ համագործակցությունը պետք է ավելի ընդլայնվի, խորհրդարանի պատերից դուրս գա, համալրվի արտախորհրդարանական ուժերով, որը կբերի արմատական իշխանափոխության, համակարգային փոփոխությունների:
-Բայց դրանք տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ են եւ ոչ թե տարաձայնություններ, այսինքն` կուսակցությունը միահամուռ չէ:
-Տարբեր դիրքորոշումներ չեն, պարոն Հովհաննիսյանն էլ նախօրեին ասուլիսի ժամանակ եւս մեկ անգամ ասել է, որ մենք ողջունում ենք խորհրդարանում 4 ընդդիմադիր ուժերի համագործակցությունը ու կարծում ենք, որ այդ համագործակցությունն աշնանը որակական նոր փուլի պետք է գա… դրանք սխալ տեղեկություններ են: Հիմա էլ տեղեկություններ են տարածում, թե Ր. Հովհաննիսյանը դրսից գումարներ է փնտրում, որը հերթական ապատեղեկատվություն է:
-Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ից հատուկ հանձնարարություններով է եկել Հայաստան…
-Մնում է իմանանք, թե այդ հանձնարարությունը ստանալուց Զարուհու որ կողքին է կանգնած եղել այդ տեղեկությունը տարածողը` ա՞ջ, թե՞ ձախ: Նման բան չկա: Զարուհի Փոստանջյանը վերադարձել է եռանդով լեցուն, մեր իշխանություններին, կարծում եմ, հետաքրքիր սյուրպրիզներ կանի, ինչպես իրեն բնորոշ է եղել միշտ:
-«Ժառանգության» վարչության նորընտիր անդամին ԱԱԾ աշխատակցի կողմից հավաքագրելու աղմկահարույց դեպքից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, թե այդ ամենը փորձել են անել կուսակցության համագումարից առաջ: Ի՞նչ է անում կուսակցությունը, որ ԱԱԾ-ն այդչափ հետաքրքրված է Ձեր վարչության անդամներով:
-Ունենք բազմամիլիարդատեր օլիգարխներ, ունենք պետական պաշտոնյաներ, ովքեր պետական ռեսուրսները ծառայեցրել են իրենց մասնավոր հարստացման համար, հայ-թուրքական նախաձեռնություններ ենք կյանքի կոչել, Մադրիդյան սկզբունքների ենք համաձայնվել, դրա համար էլ ԱԱԾ-ն հետաքրքրված է մեր կուսակցությունով: Ընդամենը փորձում են հասկանալ, թե կուսակցությունում ինչ է կատարվում, քանի որ քաղաքական առումով անխոցելի կուսակցություն ենք: Բայց պետք չէ նման բան անել, քանի որ մենք ամեն ինչ բացահայտ ենք ներկայացնում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս