ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ ժամանել է Ուրուգվայ: Azatutyun.am-ի հաղորդմամբ, նրա գլխավորած պատվիրակությունը կայցելի Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ, այնուհետեւ նախագահական պալատ, որտեղ Սերժ Սարգսյանին կընդունի այդ երկրի նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի ամենաաղքատ նախագահներից մեկը: Նշենք, որ երեկ ավարտվեց Սերժ Սարգսյանի եռօրյա այցելությունը Արգենտինայի Հանրապետություն: Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուզում է բարեկամ երկրների նախագահներին 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրել Հայաստան: Այնուհետեւ անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասել է, թե չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանն ունի բավականին ուժ եւ պատրաստ է այդ մարտահրավերներին: Նա նաեւ ցավ է հայտնել, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենքեր է մատակարարում Ադրբեջանին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆ

Վրաստանի խորհրդարանը ծրագրում է հուլիսի 18-ին վավերացնել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը, որը ստորագրվել էր հունիսի 27-ին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին: Նրա խոսքով` այդ նպատակով ինքը մտադիր է դիմել նախագահին` արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, իսկ կառավարությունն այս շաբաթ օրենսդիրներին կներկայացնի պայմանագրի տեքստը:

«ԿԱՐՖՈՒՐ»-Ը ԿԳԱ ԵՏՄ-Ի ՀԵՏ

Ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետը Հայաստանում կբացվի սեպտեմբերին կամ ամենաուշը՝ հոկտեմբերին: Այս մասին երեկ՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն. «Կարֆուր»-ը Երեւանում իր դռները կբացի կամ սեպտեմբերին կամ հոկտեմբերին»։

ԱՂԲԱՀԱՆՈՒՄ ՉԿԱ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Աջափնյակ վարչական շրջանի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ տեւական ժամանակ է, ինչ մի շարք շենքերում աղբահանում չի իրականացվել, իսկ ավելի ուշ բնակիչները տեղեկացել են, որ պատճառը վարչական շրջանում աղբահանում իրականացնող աշխատակիցների կրճատումն է եղել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցներն ասացին, որ վարչական շրջանում մեքենաների անսարքության խնդիր է եղել, սակայն աշխատողների կրճատում չի եղել:

ՎՐԻՊԱԿ

«Ժողովուրդ»-ը իր՝ նախօրեի համարում գրել էր, թե ՀՀ սփյուռքի նորանշանակ փոխնախարար Արմեն Հայրապետյանը ծնունդով Արարատի մարզից է: Սակայն նա ծնունդով Արարատի մարզից չէ, այլ` ծնվել է Երեւանում: Պարզապես` Հայրապետյանը երկար տարիներ` 1983-1987թթ. աշխատել է Արտաշատի շջանում:




Լրահոս