ՕԵԿ-Ի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, սակայն երբ հերթը հասնում է իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, միանգամից չքանում է նրանց ըմբոստ տոնը եւ սկսում են կմկմալով զանազան հիմնավորումներ բերել, թե ինչու չեն գնում այդ քայլին: Երեկ էլ, Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ՕԵԿ-ն առաջիկա հանրահավաքին չի հնչեցնելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, այլ լինելու է սոցիալական բնույթի հավաք:

ՕԵԿ նախագահը երեկ փորձում էր տարբեր հիմնավորումներ բերել` համոզելու, թե ինչու իրենք չեն պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը: Միայն թե, Բաղդասարյանն այնքան էր ոգեւորվել իր հիմնավորումներով, որ ձեռքի հետ` քննադատական մի շարք արտահայտություններ արեց նաեւ Ս.Սարգսյանի հասցեին: «Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նախ` նա Սահմանադրության համաձայն, չի կարող այլեւս առաջադրվել նախագահի պաշտոնում, եւ հետո ինքը հայտարարել է, որ չի հավակնում նաեւ լինել Հայաստանի վարչապետ: Եվ ընդամենը 2,5 տարի հետո Հայաստանում, ուզենք թե չուզենք, մեկնարկելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: Իսկ, ընդհանրապես, ես Հայաստանում չեմ բացառում գոնե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը»,-հայտարարել է ՕԵԿ առաջնորդը: «Համագործակցություն կարող է լինել ապագայի շուրջ: Ապագայում` 2-3 տարի հետո, ինչպես հայտարարել է ինքը` Սերժ Սարգսյանը, այլեւս այդ գործընթացներում չկա: Հետեւաբար, ո՞ւմ հետ մենք պետք է համագործակցենք: Մենք համագործակցելու ենք այն ուժերի հետ, ովքեր մեր քաղաքական օրակարգը կիսում են, եւ մեզ հետ միասին պատրաստ են այդ արժեքային համակարգը Հայաստանում դարձնել իրականություն»,-ասել է նա` Սերժ Սարգսյանին անուղղակի կերպով հռչակելով ժամկետանց գործիչ: Բայց ուշագրավն այն է, որ նույն ՕԵԿ-ն ընդամենը մեկ տարի առաջ սատարում էր Սերժ Սարգսյանին եւ օգնեց կեղծիքներով հռչակվել նախագահի պաշտոնում: Ընդ որում, այն ժամանակ էլ էր ակնհայտ, որ Սահմանադրության համաձայն, Ս.Սարգսյանն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Ավելին՝ այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունները չբացառելով հանդերձ, ՕԵԿ նախագահը չի պատրաստվում պայքարել դրա համար: Ավելին՝ չնայած Բաղդասարյանի նկարագրությունից ելնելով, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի դիրքերն առավել քան թույլ են, նա, միեւնույն է, քայլ չի անում այդ դիրքերը քանդելու ուղղությամբ: Փոխարենը, ինչպես նշեց Ա.Բաղդասարյանը, իրենք պատրաստվում են դատարանում վիճարկել ՀՀ քաղաքացու իրավունքները ոտնահարող բոլոր օրենքները: Նա նույնիսկ նշեց, թե որպես առաջին քայլ, դիմել են վարչական դատարան` էլեկտրաէներգիայի եւ գազի գործող սակագները վերանայելու համար:
Ամեն ինչ գեղեցիկ է հնչում, նույնիսկ` ոգեւորիչ: Բայց այստեղ մի խնդիր կա: Ժամանակին, երբ կառավարությունը գաղտնի կերպով իր հավաքած 300 մլն դոլար պարտքի դիմաց ՌԴ-ին զիջեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն, ըստ էության, Ս.Սարգսյանի ստորագրած ու ԱԺ-ի վավերացրած համաձայնագրերով դուրս դրվեց հայկական օրենսդրության շրջանակներից, երբ իշխանությունները գնացին գազի սակագները բարձրացնելու ճանապարհով, նույն ՕԵԿ-ը, լինելով կոալիցիայի կազմում, որեւէ քայլ չարեց կանխելու այդ ամենը: Ընդհակառակը, ԱԺ ՕԵԿ խմբակցությունը մասնակցեց ապօրինի քվեարկությանն ու կողմ քվեարկեց այդ համաձայնագրերին: Ու հիմա, երբ արդեն բանը բանից անցել է, ՕԵԿ-ը փորձում է ցույց տալ, թե պայքարում է ժողովրդի համար:
Եվս մեկ հետաքրքիր դրվագ. Արթուր Բաղդասարյանը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին: «Այսօր ես, ցավոք, չեմ տեսնում այն բանակցող թիմը, որը կկարողանա արագ, որակով, ժամանակին ոչ միայն այդ անդամակցումը, այլեւ դրա գործողության հետագա ընթացքն ապահովել: …Սուբյեկտիվ գործոններ կային միության անդամ երկրների կողմից: Սուբյեկտիվ գործոն եմ համարում բանակցող ամուր թիմի բացակայությունը»: Ուշագրավն այն է, որ քանի դեռ ՕԵԿ-ը իշխող կոալիցիայի կազմում էր, Արթուր Բաղդասարյանը նման տեսակետներ չէր հայտնում: Հիմա, երբ նա իշխանության մեջ չէ, այդ թիմը միանգամից դարձավ ոչ ամուր, ու սա այն դեպքում, երբ գոնե ԱԳՆ կազմում նոր կառավարության ձեւավորումից հետո որեւէ փոփոխություն չի եղել:
Հ.Գ. Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիսի ժամանակ ներողություն է խնդրել հայ ժողովրդից. «Մենք ունեցել ենք մեր սխալներն ու թերությունները, որի համար ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից»,- ասել է նա: Ժողովուրդը Բաղդասարյանին մեկ անգամ ներեց, ինչի արդյունքում վերջինս 2008թ. նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրավեց: Բայց Մարտի 1-ի սպանդից հետո դժվար է պատկերացնել, որ այս անգամ նրա ներողությունը կանցնի: Առավելեւս, երբ անհնար է վերադարձնել 10 զոհերին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս