ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում, հայտնի է բոլորիս: Սակայն հաղթողները հիմնականում օլիգարխներն են լինում կամ էլ «ավանդական» գծատերերը: Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության (ՏԿՆ) կողմից Հյուսիսային ավտոկայանում տեղի ունեցավ միջքաղաքային եւ գյուղական մի շարք երթուղիների մրցույթ, որի արդյունքները հայտնի կդառնան երկու շաբաթ անց:

Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿՆ փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է տրանսպորտային միջոցների վիճակը, արտաքին տեսքը, ներքին կահավորանքը եւ համապատասխան տեխնիկական վիճակը: Նրա խոսքով՝ մրցույթին ներկայացված է յոթ երթուղի՝ 14 տրանսպորտային միջոց: «Անդավ» ՍՊԸ-ն ներկայացրել է Ստեփանավան-Երեւան-Ստեփանավան, Տաշիր-Երեւան-Տաշիր, «Էդվարդ Հակոբյան» ՍՊԸ-ն՝ Շիրակավան-Ջրարբի-Երեւան, «Դավթյանտրանս» ՍՊԸ-ն՝ Աշտարակ-Երեւան-Աշտարակ, «Բաստիլ» ՍՊԸ-ն՝ Ուջան-Երեւան, իսկ Էջմիածնի ՊՈԱԿ-ը՝ Երեւան-Արմավիր, Երեւան-Նալբանդյան եւ Էջմիածին-Վանաձոր ուղեւորագծերը: Ի դեպ, մրցույթին մասնակցած ամենանոր մեքենան 2011թ. արտադրության է, իսկ ամենահինը՝ 2005թ.: Հավելենք, որ 15 տարին լրացած տրանսպորտային միջոցներին՝ միկրոավտոբուսներին, չի թույլատրվում մասնակցել մրցույթին:
«Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի գնահատումն արվել է, եւ հիմա պետք է երկու շաբաթ դեռ սպասենք պատասխանի»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց «Անդավ»-ի տնօրեն Անուշավան Նիկողոսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս