ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՕԹԵՎԱՆ ՉԵՆ ՄՆԱ

Գուգարքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով անօթեւան մնացածները երեկ ստացան կառավարության աջակցությունը 21 մլն դրամի տեսքով: Վանաձորում նույն ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվել էր համաքաղաքային դրամահավաք, որի արդյունքում հանգանակվեց ընդամենը 700 հազար դրամ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին օրերին Լոռու մարզի Գուգարք համայնքի փայտաշեն տներից մեկում բռնկված հրդեհն անօթեւան թողեց 6 ընտանիքի: Հրդեհից տուժածների բնակապահովման եւ այլ խնդիրների լուծումը հաջորդ օրվանից ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու անհատների ուշադրության կենտրոնում էր: Ընտանիքներն ամեն օր ստանում էին տարբեր տեսակի աջակցություն հագուստի, պարենի, կենցաղային իրերի ու գումարի տեսքով: Երեկ արդեն նրանց բնակապահովման խնդիրը կառավարության նիստի օրակարգում էր, որտեղ որոշվեց Լոռու մարզպետարանին անհատույց տրամադրել 21 մլն դրամ հրդեհից տուժած ընտանիքների համար բնակարաններ գնելու նպատակով: Նշենք, որ մինչ կառավարության նիստը, մարզկենտրոնում որոշել էին համաքաղաքային դրամահավաք անցկացնել: Հանգանակության կազմակերպիչը Վանաձորի համայնքային ակտիվ խումբն էր, որին հաջողվեց հավաքագրել 700.000 դրամ: Ճիշտ է, գումարն այդքան էլ մեծ չէ, սակայն, ինչպես տեղեկացնում են դրամահավաքի կազմակերպիչները, այս թիվը վերջնական չէ եւ կարող է փոխվել: Համեմատության համար նշենք, որ համահայկական մարաթոնի շրջանակներում Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման համար Լոռին ներդրեց 10 մլն 102 հազար դրամ:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին՝ առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Քամին հարավարեւմտյան է` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Իսկ Երեւանում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ:

 

 

ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ Է: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններն ու Երեւան-Սեւան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երեւան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի եւ Արարատի մարզերի բոլոր ճանապարհները: ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ծայրահեղ դեպքերում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:




Լրահոս