ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՄ ԵՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐԸ

Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» թիմն ամանորյա ակցիա է կազմակերպում. դեկտեմբերի 14-ին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները Ձմեռ պապիկի հագուստով շրջելու են Երեւանի կենտրոնական փողոցներով, քաղցրավենիք են բաժանելու եւ մարդկանց իրազեկելու են կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի մասին:
«Այստեղ` Լապլանդիայում, մեզ շատ է զայրացրել այդ անպիտան օրենքը եւ բոլոր չարաճճիները, ովքեր խրախուսում են այն: Եղե՛ք համոզված, որ նրանցից ոչ մեկին այս տարի նվեր չի հասնելու: Մենք ուշիուշով հետեւում ենք ձեր` վերջին ամիսների ծավալած պայքարին եւ պատրաստվում ենք գալ ձեզ օգնության»,-գրել են նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին: Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ քաղաքացիներ:
 

ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ 61 տարեկան հասակում ուղեղի կաթվածից մահացել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը: Նա 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983-ից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր: 1982թ. տպագրվել է Հ. Բեյլերյանի «Հարթավայրի սիրտը», 1986թ.` «Մհերի դուռը» բանաստեղծությունների ժողովածուն: Բանաստեղծի վերջին` «Վերջալույսը թռչուն» ժողովածուն հրատարակվել է 2004թ.:

 

 

«ՈՍԿԵ ԳԼՈԲՈՒՍ 2014»

Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիան հրապարակել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդների ցուցակը: «Լավագույն ֆիլմ» տիտղոսին արժանանալու համար պայքարում են «12 տարվա ստրկություն», «Նավապետ Ֆիլիփս», «Ձգողականություն» եւ «Ֆիլոմենա» ֆիլմերը:
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում ներկայացվել են Քեյթ Բլանշետը, Սանդրա Բալոքը, Էմմա Թոմփսոնը եւ Ջուդի Դենչը: Տղամարդկանց լավագույն դերակատարման համար ներկայացվել են Մեթյու ՄաքՔոնահիի, Թոմ Հենքսի, Ինդրիս Էլբայի եւ Ռոբերտ Ռեդֆորդի թեկնածությունները: «Ոսկե գլոբուս 2014» 71-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է 2014թ. հունվարի 12-ին:




Լրահոս