ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՉ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

«Հայկական վերածնունդ. Փարիզ» շարժումը դիմել է հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին` կոչ անելով օգնել Հայաստանում ավտովթարի մասնակից դարձած դերասան Վարդան Պետրոսյանին, որը շարունակում է կալանավորված մնալ: «Շատերն արդարություն են պահանջում դերասան Վարդան Պետրոսյանի հանդեպ: Դուք արդեն արտահայտվել եք նրա օգտին, եւ շնորհակալ ենք Ձեզ դրա համար: Այնուամենայնիվ, առ այսօր Վարդանը շարունակում է մնալ անազատության մեջ, այն ժամանակ, հիշեցնենք, երբ ոչ մի ապացույց չի կարող արդարացնել այդ կալանքը: Նա շարունակում է անարդարացիորեն բանտարկված մնալ, երբ առողջությունն է վտանգված: Նրա ընտանիքը, ընկերները եւ բազմաթիվ մարդիկ, ովքեր արդարություն են սիրում, չեն հանձնվում, շարունակում են պայքարել, քանի որ Վարդանն արդարության եւ մարդկայնության իրավունք ունի:
Հարգելի՛ Շառլ Ազնավուր, մենք Ձեզ ենք դիմում, քանի որ գիտենք, թե որքան կարեւոր է Ձեր ձայնը. դա, անկասկած, ձայն է` դուրս եկած հայ ժողովրդից, որն ամենակարեւորն է աշխարհում: Ուստի մենք խնդրում ենք Ձեզ կրկին միջամտել հօգուտ նրա, ով այժմ տառապում է եւ եռակի Ձեր եղբայրն է. եղբայր մարդկային տեսակետից, եղբայր` որպես հայ ու որպես արտիստ»,-ասվում է շարժման հայտարարության մեջ:

 

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Դերասան, երգիչ, շոումեն Գրիշա Աղախանյանը երկարատեւ դադարից հետո նոր, հումորային տեսահոլովակ է ներկայացրել: Երգը Top 10 of Rabiz նախագծում ընդգրկված հայտնի «Բոբիկ ջուր մի էրա» ստեղծագործությունն է, որը ռեմիքս է արվել: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերը Կարեն Առաքելյանն է, այն նկարահանվել է Լոս Անջելեսում: Գրիշան վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ հեռուստաէկրաններին երեւում է որպես հաղորդավար, այժմ վարում է «Շանթ»-ի «Ժողովրդական երգիչ» նախագիծը, բացի այդ` Հայաստանում աշխատում է բիզնես ոլորտում: Նա իր ընկերների հետ Երեւանում շուտով կբացի հանրահայտ «Chrome Hearts» ապրանքանիշի խանութ-սրահը, որը ներկայացնում է բարձրակարգ եւ ինքնատիպ ակնոցների ու աքսեսուարների տեսականի:




Լրահոս