ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊԵԼ Է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մարտի 14-ին հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ:

ԿՐԱԿԵԼ Է «ՍԱԼԴԱՏԻ» ՈՏՔԻՆ
Երեկ` ժամը 20:20-ի սահմաններում, Աբովյանի տարածքում գործող «Ռուսալկա» ռեստորանային համալիրից ձախ ոտքի հրազենային վնասվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյան քաղաքի Նաիրյան 2-րդ շենքի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Գյուլբուդաղյանը: Պարզվել է, որ նրան հրազենային վնասվածքը պատճառել է Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Սուրեն Ստեփանյանը: Ըստ որոշ տեղեկությունների` Սալդատ մականունով հայտնի Անդրանիկը, ով համարվում է քրեական  հեղինակություն եւ  եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը, կացինով փորձել է հարձակվել Սուրենի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանության նպատակով իր մոտ եղած ատրճանակով կրակել է Սալդատի ձախ ոտքին:

ԹՌՉՈՒՆԻՉԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱԺ նախկին պատգամավոր, Կոմկուսի նախկին անդամ  Խորեն Սարգսյանը հայտնել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքը կմասնակցի մեծամասնական ընտրակարգով: Թռչունիչն այժմ փաստաթղթերն է հավաքում` թիվ 24 ընտրատարածքում առաջադրվելու համար: Այս ընտրատարածքն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը եւ հարակից 24 գյուղերը: Aravot.am-ի տեղեկություններով` Խորեն Սարգսյանը «սերտ կապեր» ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ՏՄՊՊՀ մարտի 14-ի նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությանը տուգանել 100 միլիոն դրամով: Այդ կապակցությամբ` ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Որոշումը կայացվել է առանց «Սիթի պետրոլ գրուպ»-ի ներկայացուցչի մասնակցության: Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից, մեզ համար ընդունելի չեն, եւ տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»:

ԻՐ ՏԵՂԸ ԳԻՏԻ
«Ցուցակի կազմման աշխատանքներում եղած դժվարությունները ցույց տվեցին, որ եթե չլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը գոյություն չի ունենա»,-երեկ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ իր տեղն արդեն հստակ է, հավանաբար ինքը տասնյակում կլինի:

ՀԱԿ-Ը ՑՈՒՑԱԿ ՉՈՒՆԻ
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակը դեռ պատրաստ չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով մամուլում տարածված ցուցակը, որում նշված են ՀԱԿ ընտրացուցակի առաջին 15 անունները: Ըստ Կարապետյանի` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ շարունակում է ցուցակի վրա աշխատանքը, եւ մոտ օրերս այն կհրապարակվի:




Լրահոս