Հնարավոր է՝ դիվերսիոն խմբի անդամները կապված լինեն երիտասարդի անհետացման հետ. Ս. Օհանյան. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ, որ այն տեղեկատվությունը, որը կա պաշտպանության նախարարության ու նաև տարբեր ԶԼՄ-ների կողմից, բնութագրում է այն իրականությունը, որ եղել է: Դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում՝ դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաև օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին և նաև մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել: ԼՂՀ իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել, և նրանք պատասխան կտան և՛ մեր օրենքների, և՛ միջազգային նորմերի պահանջների համաձայն»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին իրականացված դիվերսիոն գործողություններին՝ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է 1in.am-ը:

Նախարարը, անդրադառնալով տարբեր ազատամարտիկների հնչեցրած կարծիքին, թե նրանք բնավ էլ դիվերսանտներ չեն եղել և 3 տարի Հայաստանում առևտրով են զբաղվել, ասաց. «Այդպիսի տեղեկություններ մենք չունենք: Այսօր շատ-շատ անհատներ,- և ցավալի է, որ նրանց մեջ կան նաև մեր մարտական ընկերները,- փորձում են գնահատականներ տալ և ասել, որ, ասենք, ծառայությունը թերի է կազմակերպված: Նրանք են ասում նաև, ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, լեռնաանտառային պայմանները հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել: Այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, և ընդհակառակը՝ մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, մեկ հոգու ոչնչացնել և երկու հոգու գերեվարել»:

Ինչ վերաբերում է նրանց դիվերսանտ չլինելուն՝ պաշտպանության նախարարը հորդորեց, որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ համապատասխան մասնագետը, փորձագետները գնահատական տան: «Մենք ասել ենք՝ հստակ է, որ եղել է դիվերսիոն հարձակում»,- ասաց նա:

Նախարարը անդրադառնալով օրերս անհետացած 17-ամյա պատանու դեպքին՝ կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ քրեական գործի ընթացքում պարզվի, որ դիվերսիոն խմբի անդամները կապված լինեն երիտասարդի անհետացման հետ: «Քեական գործը ամեն ինչ կպարզի»,-ասաց նա:




Լրահոս