Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերը, ով աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ ուղեղի ցնցում էր ստացել, մասամբ կորցրել է հիշողությունը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների խաղի ժամանակ Կրամերը բախվել էր արգենտինացի պաշտպան Էսեկյել Հարային: Խաղի 29-րդ րոպեին նա փոխարինվել է: Ֆուտբոլիստն ասում է, որ խաղի մեծ մասը չի հիշում, և պատկերացում չունի, թե ինչպես է հայտնվել հանդերձարանում:
«Իմ գլխում խաղը սկսվել է երկրորդ խաղակեսից», – խոստովանել է նա:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Գերմանիայի օգտին, միակ գնդակը խփել է Մարիո Գետցեն: