Առաջադրվել են Տեր-Պետրոսյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ Ծառուկյանին մրցակից է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Շենգավիթ ու Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում մարտի 19-ին ինքնաառաջադրվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Այս ընտրատարածքում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն արդեն առաջադրել էր իր թեկնածուին` ԱԺ պատգամավոր, նախկինում Ապարանի տարածաշրջանից ընտրված Լյովա Խաչատրյանին: Այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն նաև ԱԺ պատգամավոր, “Ժառանգություն” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը մինչ այդ աշխատել է համայնքի դպրոցներից մեկում որպես տնօրեն և “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Հրազդան քաղաքն ու հարակից մի քանի շրջաններն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքում մարտի 19-ին առաջադրվել է նաև ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Այս ընտրատարածքում առայժմ նրա մրցակիցն է ԲՀԿ-ի թեկնածու Դավիթ Քոչարյանը: Նշենք, որ Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ստացած ձայներով քիչ էր հետ մնում իր մրցակցից` հավաքելով շուրջ 11 հազար ընտրողի ձայն: Մարտի 19-ին առաջադրվել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առայժմ միակ մրցակիցը. Թիվ 28 ընտրատարածքում բացի Ծառուկյանից, պատգմավոր դառնալու համար կպայքարի նաև “Երևան ջուր” ընկերության աշխատակիցներից Արմեն Ավդալյանը: Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածությունների առաջադրման գործընթացն սկսվել է մարտի 12-ից և կշարունակվի մինչև մարտի 22-ը ժամը 18:00-ն: Այնուհետև կսկսվի թեկնածուների գրանցման տասնօրյա շրջանը:




Լրահոս