ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ` ուսման ժամանակահատվածը համարվո՞ւմ է աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:

Ադրինե Մանուկյան (27 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվ. 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքային գրքույկում լրացվում է միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը, որից հետեւում է, որ աշխ. ստաժ է համարվում միայն նշված ուսումնական հաստատություններում առկա, այն է՝ ցերեկայինը: Ընդ որում, ըստ ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 26-րդ կետի` առկա ուսման ժամանակահատվածն աշխ. ստաժում հաշվառվում է՝ սկսած 16 տարեկանից: Նշված կարգի 24-րդ կետը սահմանում է հետեւյալը.
«Ուսումնական հաստատությունում առկա ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով կամ վկայականով: Դրանց հետ ներկայացվում է նաեւ առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք»:
Այսպիսով, բացի դիպլոմից, վկայականից, անհրաժեշտ է ներկայացնել միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված՝ առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու, իսկ դրա առանձին փուլերն ավարտելու դեպքում՝ այդ փաստը հաստատող՝ արխիվային տվյալներ պարունակող տեղեկանքը:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, աշխատանքային ստաժը մի քանի տարով ավելացնելու համար դիմողը պետք է մի ամբողջ կենսագրական արխիվ հավաքի: Թեեւ առաջիկայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ աշխատանքային ստաժի` այդքան ցանկալի ցուցանիշները կմղվեն երկրորդ պլան:

 

 

ՀԱՐՑ. Ես հիվանդ եմ եւ ընդհանրապես չեմ կարողանում տեղաշարժվել: Անձնագրիս ժամկետը լրացել է, ցանկանում եմ այն երկարացնել: Ինչպե՞ս կարելի է այդ հարցը լուծել: Ի՞նչ անեմ, որ անձնագրիս վավերականության ժամկետը կարողանամ երկարացնել:

Լաուրա Ներսիսյան (82 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լաուրա Ներսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ տեղաշարժվելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի առանց նոտարական վավերացման լիազորել իր ներկայացուցչին տարածքային անձնագրային ծառայությունում իր անձնագրի վավերականության ժամկետը երկարացնելու համար:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող կարգը պարզ ներկայացված է, բայց գաղտնիք չէ, որ մեր երկրում տեղաշարժվել չկարողացող քաղաքացիների վիճակը, մեղմ ասած, վատ է: Դա թերեւս պայմանավորված է սահմանված օրենքների եւ կարգերի ոչ լիարժեք գործելուց: Նշենք, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից 10-օրյա ժամկետում, բայց հաճախ, ի հակառակ ներկայացված կարգի, անձնագրային ծառայության աշխատակիցներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում:




Լրահոս