ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 44-ՐԴՆ Է

Բրիտանական հեղինակավոր BBC մեդիա-հոլդինգի BBC Match Of The Day ֆուտբոլային շաբաթային հանդեսը կազմել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների Top-100-ը: Այդ հեղինակավոր հանդեսի վարկանիշային աղյուսակում Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 44-րդ տեղը: «Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում շրջանցեց բոլոր ժամանակների ռեկորդը, իսկ հիմա էլ Դորտմունդի «Բորուսիա»-ի առանցքային ֆուտբոլիստն է»,-նշված է ամսագրում:

Թոփ-100-ը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն, 2-րդ տեղում Զլատան Իբրահիմովիչն է, 3-րդը՝ Լեո Մեսսին: Մխիթարյանից առաջ, օրինակ, 42-րդը Յայա Տուրեն է, 43-րդը՝ Խավին: Վարկանիշային աղյուսակում Մխիթարյանից հետ են համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իսկոն, Նեգրեդոն, Բենզեման, Իգուայինը, Անխել Դի Մարիան, Բալոտելլին, Բուսկետսը, Կառլոս Տեւեսը, Դավիթ Սիլվան, Դանի Ալվեշը: Թոփ-100-ում բոլորից շատ ներկայացուցիչ ունի անգլիական Պրեմիեր լիգան, 2-րդն իսպանական Լա լիգան է, 3-րդը՝ Բունդեսլիգան: Նշենք, որ BBC Match Of The Day-ը Մեծ Բրիտանիայում համարվում է ամենաշատ վաճառվող ֆուտբոլային հանդեսը։ Իսկ մինչ այդ էլ բրիտանական մեկ այլ հեղինակավոր ամսագրի՝ Four Four Two-ի վարկածով Մխիթարյանը 66-րդն էր:

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉԸ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը Բուլղարիայում ճանաչվել է 2013 թվականի լավագույն մարզիչ:
Հարցման արդյունքում հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը հավաքել է 147 միավոր: Նազարյանը գերազանցել է վոլեյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիին (108 միավոր) եւ ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեց»-ը գլխավորող Ստոյչո Ստոեւին (102 միավոր):
«Շատ ուրախ եմ տարվա մարզիչ ճանաչվելու կապակցությամբ, բայց պետք է նաեւ ասեմ, որ հասա մեծ հաջողությունների: Շնորհակալություն լրագրողների ֆեդերացիային ու իմ թիմին»,-ասել է Արմեն Նազարյանը sportal.bg-ին։

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նա 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր եւ բաժանել է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը գրավել է երրորդ տեղը, Եվրոպայի չեմպիոն է դարձել հունգարացի Ռիչարդ Ռապորտը, իսկ ռուս Վլադիմիր Մալախովն արժանացել է արծաթե մեդալի:
Իսկ ահա եվս մեկ Տիգրան Պետրոսյան՝ երեւանցի ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, լրացրել է գրոսմայստերի նորմա: Հայ շախմատիստն այս նվաճմանը հասել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված օփենում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս