ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը դեկտեմբերի 19-ին եւ 21-ին Մոսկվայի էստրադային թատրոնում հոբելյանական համերգներ կտա` Ջիվան Գասպարյան կրտսերի, Օսիպովի անվան ժողգործիքների նվագախմբի եւ համաշխարհային լեգենդ, քնարահար Անդրեաս Վոլլենվայդերի նվագակցությամբ: Ջիվան Գասպարյանը կկատարի հայկական երաժշտություն եւ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքներ: Հիշեցնենք, որ 2013թ. Գասպարյանը նշեց իր 85-ամյակը:

 

 

ԼՔՈՒՄ Է ԲԵՄԸ

Հանրահայտ կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերի վերջին հայտարարությունը շոկի մեջ է գցել նրա երկրպագուների մեծ բանակին: Դեռահաս աղջիկների կուռքն իր վերջին հարցազրույցում, որը նվիրված է եղել նոր ալբոմին, հայտարարել է, թե լքում է բեմը: «Նոր ալբոմի շնորհանդեսից հետո ես կհեռանամ»,-ասել է Բիբերը` բացատրելով, որ ժամանակավորապես կդադարեցնի իր գործունեությունը, որպեսզի իր երաժշտությունն առավել հասուն դառնա: Սակայն Բիբերին մոտ կանգնած աղբյուրը TMZ ամսագրին հայտնել է, որ երգիչն իրականում այդպիսի մտադրություն չունի: 19-ամյա Բիբերը մեծ ճանաչում էր ձեռք բերել YouTube-ում հոլովակների հայտնվելուց հետո, որոնցում նա կատարում էր RnB ոճում իր սեփական ստեղծագործությունները: Ներկայումս նա ունի 3 ալբոմ, որոնք վաճառվել են 15 մլն օրինակով: Ի դեպ, այս տարի նա երկրորդ անգամ գլխավորեց 21-ից ցածր տարիքի ամենաազդեցիկ կատարողների վարկանիշային աղյուսակը:

 

 

ՍԵՐԲԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Դեկտեմբերի 18-22-ը Երեւանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր, որոնց շրջանակում դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը: Այն կտեւի մինչեւ դեկտեմբերի 30-ը: Դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համերգը (Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստեւիչ): Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ: Նշենք, որ Հայաստանի մշակույթի օրերը Սերբիայում անցկացվել են 2010թ.-ին:

 




Լրահոս