Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր ցուցմունք են տալիս տուժողները:
Տուժող Խաչատրյան Գեղամը հայտնեց, որ մինչև նոյեմբերի 5-ի միջադեպն ինքը ոչ մեկին չի ճանաչել:
«Շանթ Հարությունյանը 2013-ի նոյեմբերին նստացույց էր անում Ազատության հրապարակում: Նոյեմբերի 5-ին ես տեսա, որ նրա և նրա համախոհների ձեռքերում գործիքներ կային: Ապա մենք ղեկավարութունից հրահանգ ստացանք, որ պետք է անվտանգությունն ապահովենք փողոցներում: Շանթ Հարությունյանի հետ զինվորական համազգեստով մի տղամարդ սկսեցին ինձ հրել: Ապա միջամտեց Վարդան Գևորգյանը` բաժնի պետի տեղակալը, և նրա մարմնի տարբեր մասերին սկսեցին հարվածել: Առաջին հարվածը ստացել եմ սպիտակ կուրտկայով մի տղայից` մեջքիս: Երկրորդը ջինսից տաբատով քաղաքացուց` կրկին մեջքիս, հետագայում իմացա, որ նա Մկրտիչ Հովհաննիսյանն է: Դրանից հետո կողքս կանգնած էր Արա Մարտիրոսյանը, ում կրկին հարվածեցին: Հետագայում պարզվեց, որ հարվածողը Տիգրան Մարտիրոսյանն էր: Հետո հետևիս կողմից վազքով մոտեցավ Մկրտչյանը և հարվածեց ինձ: Հետո տեսա, թե ինչպես է Շանթ Հարությունյանը փայտե ձողով հարվածում գետնին ընկած մեկի որովայնին, և տեսա, թե ինչպես է Արմեն Հովհաննիսյանը Արա Մարտիրոսյանին հրում»,- պատմեց տուժող ոստիկանը:
Շանթ Հարությունյանը հարց ուղղեց վերջինիս. «Դուք ասացիք, որ ես Բաղրամյան 26 եմ գնալու, որտեղի՞ց իմացաք». «Դուք եք ասել»: «Ե՞ս, դուք հիմա ակնհայտ շառ եք անում: Ես Ձեզ որտե՞ղ եմ ասել: Նույնիսկ մեր տղեքը չեն ասել դրա մասին»: «Ես մտա ծառայողական մուտք` մոտենալով մեզ, դուք նման բան եք ասել»: «Դուք ուզում եք ասել` ես 30 մարդու մոտ նման բա՞ն եմ ասել»:
Դատարանը Շանթ Հարությունյանի նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց ոստիկանին վիրավորելու համար: Դատարանը պարզաբանեց, որ եթե Շանթ Հարությունյանը շարունակի իրեն այդպես պահել, 36 ժամով դատավարությանը չի մասնակցի:
Իսկ Շանթ Հարությունյանը շարունակեց պնդել, որ ոստիկանը ստում է և «շառ է անում»:
Ապա շարունակվեց հարց ու պատասխանը:
«Եթե կարում եք անուն-ազգանունով չոտկի ճշտեք, նկարագրեք հագուստները, հիմա չե՞ք կարում ասեք` ես ում մոտ եմ տենց հայտարարություն արել, թե գնում եմ նախագահական: Ի՞նչ նպատակով եք հիմա զրպարտում ինձ: Հետո, հարգելի՛ դատարան, ես ինչպե՞ս չզայրանամ, եթե ինձ զրպարտում են: Հիմա պահանջում եմ, որ բերեք տելեվիզրը, ու կտեսնեք, որ ես միայն Օսիպյանի հետ եմ խոսում: Հիմա ինձ ասեք` դուք ռուսի համա՞ր եք աշխատում, ու՞մ շպիոնն եք, թե՞ Ադրբեջանի հատուկ գործակալն եք»,- զայրացած ասաց Շանթ Հարությունյանը:
Իսկ տուժողն ասաց միայն, որ ինքն ասում է այն, ինչ եղել է:
Դատարանը պարզաբանեց Շանթ Հարությունյանի հարցը` կրկնելով, թե ով է եղել այն մարդը, ում մոտ ամբաստանյալները նման հայտարարություն են արել: Ինչին հնչեց նույն պատասխանը:
«Դուք ապացույց ունե՞ք, որ եղել է նման բան: Եթե դուք լսել եք, նկատե՞լ եք, որ Օսիպյանի հետ եմ քայլել»,- հարց ուղղեց Շ. Հարությունյանը:
Իսկ տուժողն ասաց, որ Շանթ Հարությունյանը քայլել է Օսիպյանի հետ մինչև ծառայողական մուտք` «Օպերայի տարածք»:
Շանթ Հարությունյանը ասաց, որ ինքն ակնհայտ սուտ է տեսնում և պահանջեց հեռուստացույցը բերել նիստերի դահլիճ:
«Ես որ Օսիպյանի մոտից հեռացա, բարձր հայտարարեցի՞, որ գնում եմ Բաղրամյան 26, թե՞ ընկերներիս ասացի: Ես բա՞րձր եմ ասել, թե՞ ցածր»:
«Դուք ձեր համախոհներին ասացիք: Այնպես ասացիք, որ 3 մետրից հնարավոր կլիներ լսել»,- պատասխանեց տուժող ոստիկանը:
Իսկ Շանթ Հարությունյանն ասաց, որ ինքն այլևս հարցեր չունի տալու «զրպարտիչ մարդուն»:
Իսկ Շահեն Հարությունյանի պաշտպան Պետրոսյանը հարց ուղղեց, թե մինչև երթի դուրս գալը ցուցարարները հորդորներով և կոչերով հանդես եկե՞լ են, որպեսզի նրանք հանգիստ կիրականացնեն իրենց երթը, ոստիկանը պատասխանեց, որ նախազգուշացման մասին խոսք լինել չէր կարող, քանի որ Շանթ Հարությունյանը նախապես հայտարարել էր, որ երթ է լինելու, իսկ մահակները, ըստ ոստիկանի, սիմվոլիկ բնույթ էին կրում: