Դու ոստիկան չես, մենթ ես, չմոյի մեկը. միջադեպ Շ. Հարությունյանի գործով նիստին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստին տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը հայտնեց, որ նոյեմբերի 5-ին ուղեղի ցնցում է ստացել ամբաստանյալ Շահեն Հարությունյանի հարվածից:

Պաշտպան Արա Զաքարյանի հարցին` տուժողը ինչպես է կարողացել բռնել իր պաշտպանյալին այն դեպքում, եթե ուղեղի ցնցում է ստացել, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց, թե «ցանկացած հրամանատար պարտավոր է միշտ ի վիճակի լինել»:

Ապա դահլիճից Գայանե Առուստամյանը, դուրս հրավիրվեց նիստերի դահլիճից այն բանից հետո, երբ տեղից վեր կենալով` դիմեց ոստիկանին. «Դու ոստիկան չես, մենթ ես, չմոյի մեկը»: Դատարանը հայտարարեց, որ նա այլևս իրավունք չունի մասնակցելու գործով դատական նիստերին:

Ապա ամբաստանյալ Վարդան Վարդանյանը հարց ուղղեց մյուսներին. «Իմաստ ունի՞ էս կոմեդիան շարունակել»:

Արա Զաքարյանը հարց ուղղեց տուժողին, թե ինչու չեն արգելել լրագրողներին անցնել երթևեկելի հատված, Խաչատրյանն ասաց.«Մենք լրագրողների հետ համաձայնություն ունենք, և նրանք նկարում են այն վայրերում, որտեղ իրենց հարմար է»:

Պաշտպան Արա Զաքարյանը տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ գտավ, միջնորդեց նախաքննական ցուցմունն ընթերցել, ինչը նախագահողը բավարարեց: Ապա նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 18-ին:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս