Մեկնարկել է «Երեւանի քաղաքապետարանը՝ Երեւանի մանուկներին» ծրագրի երկրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի քաղաքապետարանը՝ Երեւանի մանուկներին» ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլն է մեկնարկել։ Երեւանի քաղաքապետարանի եւ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը վերականգնողական բուժման լիարժեք կուրս է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների համար։ Ծրագրում ներառված են 17 երեխաներ, ովքեր  միայնակ մայրերի խնամքի տակ են։ Այդ մասին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների հիմնախնդիրները պարտադիր ներառվում են քաղաքապետարանի տարբեր ծրագրերում։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի՝ այս ոլորտին վերաբերող բոլոր հնարավորությունները գործի են դրվում այդ խնդիրները աստիճանաբար ավելի ու ավելի մեղմելու համար, եւ դա արվում է ոչ միայն քաղաքը հարմարավետ դարձնելով, այլեւ նրանց առողջությանն ուղղված նման ծրագրերով։ Նշեմ նաեւ, որ սա նույնպես քաղաքապետարանի շարունակական ծրագրերից է»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Ծրագիրը քաղաքապետարանին է ներկայացրել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը։

«Մեր ներկայացրած ծրագրին այսքան արագ ու գործնական արձագանքն անգամ անսպասելի էր։ Ամբողջ ծրագիրն ընթանում է շահառու երեխաների մայրերի ցանկությանը համապատասխան, բոլոր մանրուքներով։ Եվ այս ամենը նաեւ հոգեբանական մեծ աջակցություն է այս երեխաների մայրերին։ Արդեն ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլում ենք։ Հիդրոթերապիան նպաստում է հետագայում ֆիզիոթերապիայի եւ այլ մարզումների առավել արդյունավետ անցկացմանը, որովհետեւ մկանային համակարգը բացվում է, մարզվում է։ Ջրային մարզումներն իրականացնում է մեր երեխաների սիրելի կինեզոթերապեւտը՝ Միսակ Դարբինյանը, եւ սպասում ենք լավ արդյունքների։ Ապահովված են բոլոր պայմանները, մասնավորապես՝ փոքր լողավազան, որտեղ հնարավոր է կայուն պահպանել ջրի անհրաժեշտ ջերմաստիճանը»,- նշել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Երեխաների մայրերն ընդգծել են, որ առաջին՝ հիպոթերապիայի կամ ձիաբուժության դրական ազդեցությունն արդեն զգալի է։

Երրորդ՝ արտթերապիայի փուլի ավարտից հետո ծրագրի շահառու երեխաները բոլոր 3 փուլերով վերականգնողական բուժման եւս մեկ շրջան են անցնելու աշնանը։




Լրահոս