ԽԱՉԻԿԻ ՎԵՐՋԻՆ ՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի անձնական հաշիվների վրա արգելանք է դրվել: Նա չի կարողանում օգտվել իր ֆինանսական միջոցներից: Նրա հաշվեհամարին արգելանք է դրել հայտնի գործարար, «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը:

Պատճառն այն է, որ երբ լրագրողը փորձել էր Խաչատրյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, ի պատասխան՝ գործարարը նրան վիրավորել էր՝ ասելով` «ազի՛զ ջան, գրի՛, որ դու պրաստիտուտկա ես»:
Այս խոսքերի համար ներողություն խնդրելու պահանջով Սոնա Գրիգորյանը դիմել էր դատարան, սակայն Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «հյուրախաղերի» եկած դատավոր Նարինե Ավետիսյանը որոշել էր, որ լրագրողն անձնական զրույց է ունեցել գործարարի հետ, այլ ոչ թե պաշտոնական: Թեպետ լրագրողը դատարանին ներկայացրել էր նաեւ ձայնագրությունը, որից պարզ լսվում է, որ գործարարն ասում է՝ դե գրի՛: Այսինքն` Խաչատրյանն ի սկզբանե իմացել է, որ իր խոսքերը հրապարակվելու են եւ, այդուհանդերձ, հայհոյել է:
Այսպիսով` լրագրողը դատարանում չի կարողացել իր արժանապատվությունը պաշտպանել: Հայցը մերժվել է նաեւ ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից: Բացի այդ, ըստ դատավոր Նարինե Ավետիսյանի վճռի, Խաչիկ Խաչատրյանի փաստաբանների գումարը պետք է գանձվի լրագրողից, այդ իսկ պատճառով էլ արգելանք է դրվել:
Այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթի փաստաբան Տիգրան Աթանեսյանն աշխատում է մի հայցի վրա, որը պետք է ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան, որպեսզի այսուհետ լրագրողների հետ պաշտոնական զրույցները դատարաններն իրենց հայեցողությամբ չմեկնաբանեն որպես անձնական զրույց՝ պաշտպանելով գործարարներին ու չինովնիկներին:
Ի դեպ, Սոնա Գրիգորյանը նաեւ նշել է, որ արգելանքի պատճառով չի կարողանում վճարել ուսման վարձը, եւ համալսարանից դուրս մնալը բացառված չէ:

Թ. Մ.




Լրահոս