10 ԳՈՐԾԻՆ՝ ՄԻ ԱՇԽԱՏՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ի կողմից  հրատարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի կողքին իր «արժանի»  տեղն ունի նաեւ 100 եւ ավելի աշխատողներ ունեցող գործատուների ցուցակը:Մեր երկրի խոշորագույն գործատուն «Հայաստանի  Էլեկտրական ցանցեր»  ընկերությունն է, որն ունի 7602 աշխատող եւ 2010 թվականին 1մլրդ 977 մլն դրամ է վճարել սոցիալական ապահովագրության մասով: Անցած տարվա  համեմատ քիչ է վճարվել շուրջ 132 միլիոն դրամ: Իսկ «Հայռուսգազարդի» դեպքում պատկերը մի փոքր այլ է. նրանք անցած տարվա համեմատ՝  50 մլն դրամ ավել են վճարել: Փաստորեն գազի սակագների շեշտակի աճը, գրեթե ազդեցություն  չի ունեցել  այդ ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի վրա: Իսկ մենք, կուտակված դժգոհությունն ու նյարդային վիճակը փորձում ենք  «բարդել»  գազի տեսուչների վրա: Սա այն դեպքում, երբ գազի սակագինը Հայաստանում արդեն ավելի բարձր է, քան Եւրոպայում: Նույն պատկերն է նաեւ «Երեւան ջուր»  ըկերության պարագայում: Ջրի սակագինը  թանկացավ, ճիշտ է գումարը փոխհատուցեց Երեւանի քաղաքապետարանը. սակայն, փաստորեն, չեն ավելացել  համակարգի աշխատողների աշխատավարձերը: Վերջերս շատ է խոսվում «Գրանդ Հոլդինգի» մասին, այն ենթատեքստով, որ փակվում են խանութները, եւ բիզնեսը տեղափոխվում է այլ երկիր: Ճիշտ է հարգարժան ընկերության պատասխանատուները հերքում են տեղեկատվության իսկությունը, սակայն հակառակի վառ ապացույցն է, որ  «Գրանդ Քենդին»  2010 թվականին սոցիալական ապահովության մասով վճարել է 48 միլիոն դրամ քիչ գումար, քան 2009 թվականին:100 եւ ավելի աշխատողներ  ունեցող գործատուների ցանկում նշված է, որ «Նաիրիտ»  գործարանը 2010 թվականին ունեցել է 3022 աշխատող, սակայն մեկ այլ ցանկում, որտեղ պետք է նշվեր, թե գործարանը որքան գումար է վճարել սոցիալական ապահովագրության  մասով, «Նաիրիտը» բացակայում է` թերեւս ամբողջ տարին գործարանի աշխատողներին ուղարկել են հարկադրված արձակուրդի, բայց, միաժամանակ  պարծանքով նշում են, թե Հայաստանի գործատուների ցուցակում զբաղեցնում են պատվավոր  7-րդ հորիզոնականը: Հետաքրքրաշարժ թվերը ցանկում շատ են: Մասնավորապես զարմանալի ու միաժամանակ «հիանալի» ճարպկությամբ են աշխատում «Սաս գրուպի» 7 մեծ սուպերմարկետները. 258 հոգով, չհաշված կենտրոնական գրասենյակի բազմաթիվ աշխատակիցները:Ընդհանրապես, միայն Հայաստանում է հնարավոր, որ երկրի առաջատար բանկերից մեկը` «Կոնվերսբանկը» ունենա ավելի քիչ աշխատող, քան հարկատուների միջոցներով պահվող Հանրային հառուստաընկերությունը:  ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս