ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող այն եզակի ֆիգուրներից է, որը մշտապես եղել է իշխանության մեջ կամ իշխանության կողքին, բայց հիմնականում մնացել է աննկատ:Ո՞վ է եղել Կարեն Կարապետյանը մինչեւ նախագահական մուտք գործելը: Նա եղել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Երիտասարդ տարիներին Կալինինոյի շրջանում աշխատել է ուսուցիչ, հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: Կոմունիստական կուսակցության փլուզումից հետո Կարեն Կարապետյանը եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրենը, ապա` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրենը, այնուհետեւ` նույն ԲԲԸ խորհրդի նախագահը: Նշված շրջափուլերից հետո Կարեն Կարապետյանը մտել է օրենսդիր ոլորտ: Նա դեռեւս 1995-ից ԱԺ պատգամավորի մշտական մանդատ է ունեցել իր ծննդավայր Կալինինոյի շրջանից: Երկարամյա պատգամավորը մշտապես եղել է տնտեսական ոլորտի հետաքրքրություն ունեցող օրենսդիր` իր ստեղծած Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբով: Նա ԱԺ-ում մշտապես խուսափել է լրագրողների հետ շփվել` ձայնագրիչներով: Այսինքն, հրապարակային հայտարարություններ գրեթե միշտ չի արել: Լինելով խոշոր գործարար եւ ունենալով «ավելի խոշոր» եղբայր` ի դեմս Սամվել Կարապետյանի` Տաշիրի Սամոյի, կարողանում էր նաեւ ԱԺ շատ պատգամավորների «լավ նայել», որպեսզի ուզած ժամանակ ուզած երաժշտության տակ «պարեին»: Անգամ երբ Հանրապետական խմբակցության ղեկավարն էր, մշտապես գտնում էր մարդկանց, որոնք իր փոխարեն կարծիքներ էին արտահայտում: Այդ օրերին, բոլորը կհիշեն, թե ինչ ակտիվությամբ էին աշխատում պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Համլետ Հարությունյանը: Եւ այսպես` «մաքուր-մաքուր» Կարեն Կարապետյանը 2008թ. սեպտեմբերի 30-ին նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որն էլ դարձավ նրա հեղինակության անկման առաջին քայլը: Պետք է նկատել, որ ոչ միայն հեղինակության անկման, այլեւ հարցեր լուծելու կարողության կորստի: Բոլորին է հայտնի, որ նախագահական նստավայրում Կարեն Կարապետյանը կորցրել է իր երբեմնի ազդեցությունը, քանի որ այնտեղ տեր ու տիրական է բացառապես Սերժ Սարգսյանի հարազատ փեսան` Միքայել Մինասյանը: Դա նկատվեց հատկապես Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի սկանդալային պատմության ժամանակ, երբ Կարապետյանն այդպես էլ չկարողացավ Բեգլարյանի հարցերը լուծել եւ հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ: Ստիպված եղավ հրաժարական գրել, հեռանալ` մինչեւ Հովիկ Աբրահամյանը գնաց իրենց տուն ու հորդորեց վերադառնալ աշխատանքի: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հետ Կարապետյանի լարված հարաբերությունները կարգավորվեցին այն օրից, երբ նրա եղբայր Սամվել Կարապետյանը դարձավ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի երեխաների կնքահայրը:Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա Կարեն Կարապետյանը ոչ այդքան վաղեմի Հանրապետական է: Բայց չնայած դրան, Կարապետյանին է լիազորված համակարգելու Հանրապետական կուսակցության մարզային բոլոր կառույցները: Ու այս ամենով հանդերձ, Կարեն Կարապետյանը ինքնուրույն որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված չէ: Նա ամեն ինչ անում է Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգի դեպքում` պահպանելով երբեմն չափից ավելի զգուշավորություն: Այս վարքագծի պատճառով նա բավականին մտերիմներ է կորցրել:Նկատենք, որ Կարապետյանը հանրության ուշադրությունը գրավեց վերջերս իր արած բավականին տհաճ արտահայտությամբ, երբ «Նաիրիտի» աշխատակիցներին ասաց` «համբալ»: Իսկ մինչ այդ էլ նրա որդու «սխրանքները» խայտառակեցին Կարապետյան գերդաստանին. «Դերժինսկու» դպրոցում Կարեն Կարապետյանի տղան մի սկանդալային «ռազբորկայի» էր մասնակցել, որը, ըստ տարբեր լուրերի, հարթեց Գագիկ Բեգլարյանը: Սկանդալները պատեցին նրանց ընտանիքին նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից հետո, քանի որ Սամվել Կարապետյանը ուղղակիորեն առնչվում է Լուժկովյան կլանին: Իսկ Հայաստանում Կարեն Կարապետյանը իր որդու հետ միասին զարկ է տալիս «Տաշիր պիցցա»-ների բիզնեսին, տոնավաճառներ է բացում, տարատեսակ խանութներ ու այլ «մանր-մունր» գործեր, որոնցով ապացուցում է իր հայրենասիրությունը: ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ09 02 2011




Լրահոս