Մոխրամանի մեջի մոխիրը փչում, լցնում էին աչքերիս մեջ. լարված իրավիճակ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հարցաքննվում է մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը, ով դատարանին հայտնեց, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնում ցուցմունք տալու ժամանակ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել:

Դատարանը հարց ուղղեց ամբաստանյալին, թե ինչու է վերջինս գնացել բաժին այն բանից հետո, երբ իրեն ծեծել են, Թամրազյանն ասաց, որ իրեն զանգահարեցին, այդ պատճառով էլ գնաց:

Ապա ամբաստանյալը հայտարարեց, թե հաջորդ ցուցմունքի ժամանակ իրեն ծեծի է ենթարկել Արսեն Մեխակյանը և քննչականի պետը:

«Ռոզիսկի պետն ու մնացածներն ինձ նսեմացնում էին, հայհոյում, ես էլ լացում էի, ասում էի ինձ մի բաժակ ջուր տվեք, էս մարդկություն ա՞: Մոխրամանի մեջի մոխիրը փչում լցնում էին աչքերիս մեջ: Ինձ ասում էին, եթե չգրես, որ դու ես սպանել, մորդ ու քրոջդ կքցենք քացու տակ: Ես էլ ասեցի հա, լավ, ես եմ արել, հետո թուղթ ու գրիչը դրեցին ձեռս, ու ասեցին՝ դե գրի ոնց ես սպանել: Ասում եմ՝ ինչ իմանամ՝ ոնց եմ սպանել, ու նորից ծեծեցին:  Բոլորը, բացի քննչականի պետից թելադրում էին քննչականի պետի սենյակում: Ես գրել եմ մինչև հասա դպրոցի դիմաց հատվածը, դրանից հետո իրանք էլ թելադրել: Ասեցին Միսակը մեղավոր չի, գրի, որ մենակ դու ես սպանել: Հետո ինձ ասեցին գնալու ես, դատավորի հետ հանդիպելու ես, քեզ խելոք կպահես, ինչ հարցնի խելոք կպահես, կասես, որ չեմ ցանկացել պաշտպանի ծառայություններից օգտվել»,- պատմեց ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը:

Պաշտպանը հարցրեց` ցուցմունք տալու ժամանակ հոգեկան հիվանդությամբ տառապե՞լ է, պատասխանեց` ոչ:

Ամբաստանյալը պատմեց, որ իր հաջորդ ընկերուհու` Միլենայի հետ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել մինչև մայիսի 17-ը, այսինքն այն ժամանակը, երբ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև:

«Հետագայում Մարիամն ինձ զանգել է, ես ասել եմ, որ ընկերուհի ունեմ, մեր մեջ ոչ մի բան լինել չի կարող, ի՞նչ սիրո մասին կարող է խոսք լինել, Մարիամն ասեց, թե դու լավ տղա ես, միշտ ինձ ճիշտ խորհուրդներ ես տալիս, դու ճիշտ ես ասում, բայց հետո նորից սկսեց զանգել:

Հետո Միլենան ու Մարիամը հանդիպեցին: Միլենան Մարիամին հարցրեց` չես հասկանում, որ պետք ա իմ ընկերոջից հեռու մնաս, Մարիամն ասեց` հասկանում եմ, Միլենան էլ ասեց` բա որ հասկանում ես, ինչի ես անընդհատ զանգում իրան, ու սկսեցին իրար հայհոյել, քաշքշել, ծեծել: Մարիամը պնդում էր, որ ինձ ա սիրում, իսկ թե ինչ կարգավիճակում էր Մարիամի ընկեր Միսակը, չհասկացանք: Հետո Օֆելյան եկավ, ասեց` ի՞նչ ա կատարվում ստեղ»,- շարունակեց պատմել ամբաստանյալը:

Այս հարցաքննությունը մեղադրող կողմի որակավորմամբ` կապ չուներ մեղադրանքի հետ, սակայն պաշտպան Կրոմվել Գրիգորյանն առարկեց և ասաց, թե սա է եղել մեղադրանքի շարժառիթը: Եվ հարցաքննությունը շարունակվեց:

«Տնաշեն գործ ունենք, չէ՞, հո մենակ սա չի՞»,- ասաց մեղադրողը:

Ապա ամբաստանյալի քույրը հարց հնչեցրեց նիստերի դահլիճից, թե սա գործ չի, և նախագահողը նրան դուրս հրավիրեց:

Պաշտպան Գրիգորյանը հարցրեց, թե Մարիամը որևէ վիրավորանք հնչեցրել է նրա կամ ընտանիքի այլ անդամների հասցեին, ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:

Դատավորը հարց ուղղեց ամբաստանյալին. «Ինչու՞ ես դերասանություն անում, հըլը մի հատ դեմքիդ արտահայտություններին նայի», իսկ Դավիթ Թամրազյանն ասաց, որ ինքը դերասանություն չի անում:

Հետո նիստերի դահլիճում վիճաբանություն սկսվեց կողմերի միջև. դատախազը շարունակում էր պնդել, որ հարցաքննությունն անիմաստ է:

Կողմերը սկսեցին բարձր գոռալ իրար վրա, ինչն արժանացավ նախագահող դատավոր Դավիթ Բալայանի նկատողությանը:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի




Լրահոս