Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին եւ ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրացված խնդիրներին, ինչը վկայում է ՀՀ կառավարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, եւ աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար:
Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարեւորել եւ բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:
Երկուստեք կարեւորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը եւ այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը: «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսեւորելու՝ բարեփոխումը մինչեւ վերջ իրականացնելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը եւ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու եւ ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով: