Երբ հայտնի դարձավ, որ Աղվան Հովսեփյանն ի վերջո ստիպված է լինելու հրաժեշտ տալ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, գրեթե բոլորը համոզված էին, որ Սերժ Սարգսյանն Աղվան Գառնիկիչին առանց պաշտոնի չի թողնի: Քանի որ պարզ էր` Հայաստանի նման երկրում տասը տարի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած գործիչը, որի ձեռքի տակով շատուշատ գործեր են անցել, այդ թվում եւ` հոկտեմբերի 27-ի, չի կարող հենց այնպես հեռացվել իշխանական համակարգից:
Եվ ահա, գլխավոր դատախազության մուտքի դռանը հրաժեշտի համբույր դրոշմելուց կարճ ժամանակ անց Աղվան Հովսեփյանի համար նոր դուռ բացվեց` ի դեմս ստեղծվելիք միասնական քննչական մարմնի:
Որպես դրա ստեղծման հիմնավորում՝ նշվում էր, որ տարբեր ծառայությունների քննչական մարմինների համատեղումը բարձրացնելու է աշխատանքի արդյունավետությունը` քննչական ծառայությունները հնարավորինս ձերբազատելով տարբեր գերատեսչական կախվածություններից: Ուստի ակնկալվում էր, որ դրա կազմում կլինեն ոչ միայն ոստիկանության, այլեւ ՊՆ, ԱԱԾ եւ ՊԵԿ քննչական ծառայություններն ու անգամ ՀՔԾ-ն:
Ս. Սարգսյանի հրամանագրից կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ ՀՔԾ-ն եւ ԱԱԾ-ի քննչականը չեն ներառվելու նորաստեղծ միասնական մարմնում: Ու եթե վերջինի դեպքում թերեւս կարելի է հասկանալ բացառության իմաստը, ապա միանգամայն անհասկանալի է այն, թե ինչու որոշվեց նաեւ ՊԵԿ քննչական ծառայությունը չներառել միասնական մարմնում: Թեեւ երեկ Աղվան Հովսեփյանը փորձել է այս կապակցությամբ պարզաբանել, թե կարեւորը միասնական մարմին ձեւավորելու քաղաքականության մեկնարկն է, եւ «սա միայն առաջին քայլն է», այդուհանդերձ, նրա ներկայացրած վիճակագրությունը, ըստ որի՝ այսօր քրգործերի 96-97 տոկոսը քննվում է ոստիկանության եւ ՊՆ քննչական ծառայություններում, հարցերի տեղիք է տալիս: Ստացվում է, որ Հայաստանում ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի քննչական ծառայությունները` ՀՔԾ-ի հետ միասին, քննում են քրգործերի ընդամենը 3 տոկոսը, ինչին պարզապես դժվար է հավատալ:
Իրականում ակնհայտ է, որ վերը նշված կառույցների ղեկավարները կարողացել են իրենց շահերի համար կռիվ տալ եւ հասնել նրան, որ Ա. Հովսեփյանին չզիջեն իրենց գործառույթները: Եվ այս իրավիճակում պարզ է դառնում, որ ստեղծվելիք մարմինն ավելի շատ լուծելու է Ա. Հովսեփյանին պաշտոնով ապահովելու, քան արդյունավետ միասնական քննչական համակարգ ձեւավորելու խնդիրը:
Մի բան է միայն դժվար պատկերացնել. թե ինչպես է Աղվան Հովսեփյանը, թղթապանակները թեւի տակ, ծեծելու ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի աշխատասենյակի դուռը եւ նրան ներկայացնելու քննչական միասնական մարմնի գործունեության զեկուցագրերը: