ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լատինական Ամերիկա կատարած այցի արդյունքները: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս ասաց, որ հիմնականում անդրադարձ է եղել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Շարմազանովի խոսքով` վերջին օրերի ամենակարևոր թեման Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքն է և դիվերսիոն գործողությունները, ինչը նույնպես քննարկվել է նիստի ընթացքում:
«Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության ապակայունացմանն ուղղված պահվածքը, չենք ընդունում սահմանին կրակոցները», – ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ անդրադարձ է եղել նաև ինտեգրացիոն գործընթացներին:
Անդրադառնալով Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, Շարմազանովը նշեց, թե գերադասում է որևէ կարծիք չարտահայտել, քանի որ գործը գտնվում է իրավապահների տիրույթում: Նա, սակայն, հաստատեց, որ Հայրապետյանը բարերար է և անուրանալի է նրա դերը: