1998թ. պալատական հեղաշրջումը` ամերիկյան մեկնաբանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերի շրջանակում իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանում 1998թ. տեղի ունեցած իշխանափոխության մասին հաղորդող զեկուցագիրը: Վերջինս հեղինակել ու ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել այդ մարմնում Մերձավոր Արեւելքի հետ հարաբերությունների մասնագետ Կարոլ Միգդալովիչը:

1998թ. պետական հեղաշրջման մանրամասների մասին առ այսօր ոչ ոք պաշտոնապես չի խոսել ու կարելի է ասել` այն Երրորդ Հանրապետության առեղծվածներից մեկն է: Այս ուսումնասիրությունը պատմում է իշխանափոխության մասին` որոշ մանրամասներ հաղորդելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ու դրան նախորդող իրադարձությունների մասին:

Հեղինակը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը եղել է անկախ Հայաստանի առաջին նախագահը, ով «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվ անդամներից մեկը լինելով, պայքարել է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանից անջատվելու համար: Ուսումնասիրությունը փաստում է, որ 1989թ. ստեղծված ՀՀՇ միավորումը հաղթեց 1990թ. Գերագույն խորհրդի ընտրություններում եւ նույն թվականի օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրեց ԳԽ նախագահ, ապա մեկ տարի անց համաժողովրդական քվեարկությամբ` հանրապետության նախագահ: Ամերիկացու վստահեցմամբ` այդ ընտրությունը լայնորեն ճանաչվեց որպես ազատ ու արդար:

Կ.Միգդալովիչի տեղեկացմամբ` որպես նախագահ` Տեր-Պետրոսյանի գերխնդիրը եղել է Հայաստանի անկախության հռչակումն ու սուվերեն պետության կարգավիճակի վերականգնումն ապահովելը: Հեղինակը, սակայն, նկատում է, որ Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ սասանվեց, երբ «իր նպատակների իրացման հարցում նա ընդդիմությանը սկսեց դիտարկել որպես վտանգ»:

Փորձագետի գնահատմամբ` «Ուժեղ նախագահով եւ թույլ օրենսդիր մարմնով կառավարման համակարգ նախատեսող սահմանադրությունն ընդունվեց խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակյա քվեարկությամբ, որը միջազգային դիտորդները որակեցին ազատ, բայց ոչ արդար»:

Անդրադառնալով 1996թ. նախագահական ընտրություններին` հեղինակը նկատում է, որ Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց ծայրահեղ վիճահարույց ընտրությամբ, ինչը թույլ տվեց միջազգային դիտորդներին ընտրական գործընթացների նկատմամբ հայ հասարակության մեջ թերահավատ վերաբերմունքի արմատավորման մասին կանխատեսումներ անել:

Կոնգրեսի փորձագետն արձանագրում է, որ 1995-96թթ. ընտրական գործընթացները զգալիորեն թուլացրին Տեր-Պետրոսյանի դիրքերը: Թեպետ նախագահը վերադասավորեց կառավարությունը, սակայն այն շարունակեց կտրված մնալ հասարակությունից: Ամերիկացին հավելում է, որ «ներքին վստահությունը վերականագնելու համար Տեր-Պետրոսյանը Քոչարյանին դարձրեց ՀՀ վարչապետ, ինչի համար նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Քոչարյանն ազգային հերոս էր` լինելով Ղարաբաղի իքնապաշտպանական ուժերի ղեկավարներից մեկը»:

Անդրադառնալով տնտեսական վերափոխումներին` Միգդալովիչը հավելում է, որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը, սկսելով շուկայական վերափոխումները, այդ ասպարեզում մեծ արդյունքների հասավ` ի համեմատություն նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների. «Այդուամենայնիվ, կոմունիզմից անցումը տեղի ունեցավ տնտեսական դժվարություններով եւ շատ հայերի աղքատությունը հակադրության մեջ մտավ կոռուպցիայի ու մի քանիսի հարստանալու հետ»:

Կենտրոնանալով իշխանափոխության գործընթացին նախորդող շրջանի վրա` հեղինակը փաստում է, որ 1997թ. սեպտեմբերին Տեր-Պետրոսյանն իր համաձայնությունն էր տվել խաղաղության հաստատման երկու փուլ ունեցող առաջարկներին: Առաջին փուլում Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու էր ազատագրված շրջանները` բացի Լաչինի միջանցքից, շփման գոտում պիտի տեղակայվեին միջազգային խաղաղարարներ, ապա վերադառնային փախստականներն ու վերացվեր ադրբեջանական շրջափակումը:

Իսկ ահա երկրորդ փուլում քննվելու էր ԼՂ քաղաքական կարգավիճակը: Հեղինակի հաղորդմամբ` Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ միջազգային հանրությունը չի համաձայնի Ղարաբաղի ամբողջական անկախությանը կամ էլ դրա միացմանը Հայաստանին: Սա թույլ էր տալիս եզրակացնել, որ տվյալ պահին կարգավիճակի մասին խոսելը հայկական կողմի համար շահավետ լինել չէր կարող:

Փորձագետը նկատում է, որ Տեր-Պետրոսյանի այսպիսի մոտեցումները քչերն էին կիսում: Քաղաքական ընդդիմությունը նրան մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ վարչապետն ու բարձրագույն մի շարք պաշտոնյաներ հայտարարում էին իրենց կոշտ անհամաձայնությունը. «Տեր-Պետրոսյանը լրիվ մենակ էր մնացել իր տեսակետում»:

Ուսումնասիրության հեղինակը հայտնում է, որ 1998թ. հունվարի վերջին շաբաթների իրադարձությունները լի են առեղծվածային հարձակումներով Տեր-Պետրոսյանի մերձավոր աջակիցների նկատմամբ: «Ապա փետրվարի 1-ին ԱԺ-ում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծված «Երկրապահ» խմբակցությունը հակվեց Տեր-Պետրոսյանի հրաժարականի անհրաժեշտությանը. ՀՀՇ-ի ավելի քանի 40 պատգամավոր միացավ «Երկրապահ»-ին եւ զրկեցին նրան խորհրդարանական մեծամասնությունից: Հայաստանի կառավարության մեջ առաջացած տարաձայնությունները ավարտվեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությամբ»:

Ամփոփելով` հեղինակը նկատում է, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցում գլխավոր դերակատարությունն ունեցել են ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ Վազգեն Սարգսյանն ու ՆԳՆ եւ ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանը: Միգդալովիչը նշում է. «ՊՆ ու ՆԳՆ նախարարներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել երկրում առկա ողջ ֆիզիկական ուժը: Չնայած դրանք անմիջականորեն չեն օգտագործվել Տեր-Պետրոսյանի հեռացման համար, այնուամենայնիվ, դրանց ընդգրկումն ու նշանակությունն արագացրել են հրաժարականը: Նախագահը, ով զրկված էր ժողովրդի աջակցությունից, գործնականում հնարավորություն չուներ հակառակորդների դեմ: ԱԺ նախագահի հրաժարականով երկրի նախագահի պարտականությունները դրվեցին Քոչարյանի վրա»:




Լրահոս