Տղամարդիկ ավելի շատ են ստում, քան կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոգեբան Լաուրա Սահակյանը տեղեկացնում է` յուրաքանչյուր մարդ օրական 100-ից 200 անգամ սուտ է խոսում: Իսկ գիտնականները` Պրեֆեսոր Բելլա Դե Պաուլոի ղեկավարությամբ հետազոտություն են անցկացրել եւ պարզել` որքան գիտակ է մարդը, այնքան մեծ է նրա ստելու հավանականությունը, քանի որ հարուստ բառապաշար ունենալը հեշտացնում է ստեր հորինելու հնարավորությունը:

«Իհարկե, սա հոգեւոր դասին չի վերաբերում… Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի շատ են ստում, քան կանայք, ընդ որում` դատարկ բաներում: Իսկ կանայք հիմնականում ստում են անհրաժեշտության դեպքում, երբ պետք է փրկել ընտանիքը, տեղավորվել աշխատանքի եւ այլն»,- ասում է հոգեբան Լաուրա Սահակյանը: Ըստ նրա` գոյություն ունեն ստի բազում տեսակներ` քաղցր, սպիտակ, երեխայական, հումորային եւ այլն: Քաղցր ստի դեպքում մարդիկ խաբում են դիմացինի բարօրության համար, որպեսզի չնեղացնեն եւ չցավեցնեն նրան: Ստի այս տեսակն օգտագործվում է հատկապես սիրային հարաբերություններում:

Այս շորը քեզ շատ է սազում, դու բոլորովին էլ գեր չես, շատ գեղեցիկ աչքեր ունես. այս եւ այլ հաճոյախոսություններն ու շողոքորթությունները եւս սուտ են համարվում: Պատկանում են սպիտակ ստի տեսակին, որն իր բնույթով շատ նման է քաղցր ստին:

Իսկ ահա երեխայական ստերի հեղինակները հենց երեխաներն են: Հոգեբան Լաուրա Սահակյանն այս հանգամանքը պայմանավորում է նրանով, որ մինչեւ որոշակի տարիքը (սովորաբար մինչեւ 5-ը ) երեխաները չեն տարբերում երեւակայականն իրականությունից Ծնողները չպետք է անհանգստանան, երբ երեխաներն ասում են, թե հրեշտակներ են տեսնում, զրուցում են թիթեռների հետ եւ այլն:

Սա բնական երեւույթ է երեխայի զարգացման շրջանում, այլ բան է, երբ երեխայի երեւակայությունը դրսեւորվում է 7 տարեկանից հետո: Հոգեբանի խոսքով` լռությունը եւս սուտ է, բայց այն դեպքում, երբ մարդը դիտավորյալ կերպով թաքցնում է կարեւորագույն փաստերը` մոլորեցնելով դիմացինին: Հաճախ այդպես են վարվում խանութի աշխատակիցները, երբ ասում են, թե տվյալ քաղցրավենիքը որակյալ է, համեղ, պահանջված, սակայն լռում են` թաքցնելով այն փաստը, որ դա հին է:

Իսկ ինչ վերաբերում է հումորային ստին, ապա դրա տեսակներն են որոշակի հեգնանք պարունակող անեկդոտներն ու կոմիքսները: Մեր զրուցակցի խոսքով, գոյություն ունեն նաեւ ինքնապաշտպանության համար նախատեսված ստեր, երբ մարդիկ խաբում ենª փորձելով խուսափել սեփական հանցանքի պատասխանատվությունից կամ հետագա խնդիրներից, օրինակª երբ քննությունների ժամանակ արտագրությամբ են զբաղվում: 17-ամյա Արամը պատմում է, որ վերջին մեծ սուտը հորինել է հենց քննություններից մեկի ժամանակ. «Պատմության քննությանս անպատրաստ էի ներկայացել: Դասախոսիս ստեցի, որ տասնութս լրացել է եւ որ մի քանի օրից զորակոչվելու եմ, խնդրեցի ընդառաջել: Իրականում դեռ մեկ տարի ժամանակ ունեմ բանակ գնալու համար»,- խոստովանեց պատանին:

Արամը ստուգարքը ստանում է, սակայն այս պատմությունը սրանով չի ավարտվում, մյուս տարվա ստուգարքին եւս ստպված է լինելու ստել: Դասախոսի զարմանքին ի պատասխան, թե ինչ գործ ունի համալսարանում, պատասխանելու է` զորակոչն են հետաձգել:

21-ամյա Նարինեն էլ շատ ու շատ աղջիկների նման ստում է ծնողներին` թաքցնելով այն փաստը, որ ինքն ընկեր ունի. «Մեր հարաբերությունները դեռ սկզբնական փուլում են: Յուրաքանչյուր աղջիկ էլ նախ ցանկանում է հասկանալ` արդյո՞ք իր զուգընկերն իր կեսն է, արժե՞ հարաբերությունները լուրջ հիմքի վրա դնել, թե ոչ եւ նոր միայն այդ մասին տեղեկացնել ծնողներին` մանավանդ հայրիկին»,-ասում է նա:

Հարցին` դժվար չէ՞ արդյոք ճշմարտությունը թաքցնելը, պատասխանում է` դա ամենադժվար բանն է աշխարհում, հաճախ է խիղճը տանջում եւ իրեն մեղավոր զգում:

Հոգեբան Լաուրա Սահակյանի խոսքով` որոշակի հնարքների միջոցով կարելի է բացահայտել` ճի՞շտ է խոսում դիմացինդ, թե՞ ոչ: Ըստ նրա` սուտ խոսելու ժամանակ մարդիկ ավելի հաճախ են թարթում աչքերը, շարժում ոտքերը (սովորաբար հետ ու առաջ են գնում), փոխարենը փորձում են անգործության մատնել ձեռքերը` հաճախ միայն խաչելով կամ ընդհանրապես չշարժելով, նաեւ ժպտում են միայն շուրթերով:

Բացահայտելու համար` արդյոք դիմացինդ չի ստում քեզ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ հետեւյալ տարրերին.

«Եթե դիմացինդ շեղվում է խոսակցության թեմայից եւ երկրորդական բաներ է պատմում, իսկ ձեր հարցերին չափազանց հակիրճ է պատասխանում, հավանաբար ստում է: Փորձեք որոշ ժամանակ հետո «թարմացնել» նրա հիշողությունը: Ճշմարտությունները երբեք չեն մոռացվում»,-եզրափակում է հոգեբանը:

Ասում են` ավելի լավ է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը, սակայն օրական մեկ կամ 100 անգամ ստելով` մենք ավելացնում ենք մեր մեղքերի քանակը, քանզի Աստծո 10 պատվիրաններից մեկն ասում է. «Մի ստիր»:

Նազենի Բաղդասարյան




Լրահոս