ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ աշխատանքային պայմանագրում գրված է, որ ես աշխատավարձ եմ ստանում ըստ իմ կատարած աշխատանքի (գործավարձ): Ամսական իմ աշխատավարձը հասնում է առավելագույնը 22.000 դրամի: Հայաստանում որքա՞ն է ամսական նվազագույն աշխատավարձը: Իմ գործատուն այդքան քիչ վճարման դեպքում արդյո՞ք օրենքի խախտում չի կատարում:

Արմինե Բաբայան, 22 տարեկան, օտար լեզուների մասնագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում ամսական աշխատավարձի ամենափոքր չափը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով կազմում է 32 հազար դրամ: Գործատուն, եթե անգամ գործարքային պայմանագրով է աշխատավարձ տալիս, չի կարող նվազագույն աշխատավարձից պակաս վճարել: Դա անօրինական քայլ է համարվում: Հակառակ իրավիճակը, երբ աշխատողն իր կատարած աշխատանքի դիմաց ամսական ստանա ավել, քան 32 հազար դրամն է, կարելի է, քանի որ գործարքային պայմանագիրն ուղղակի սահմանում է աշխատավարձի ձեւը, բայց գործատուին նվազագույն աշխատավարձից ցածր վճարելու իրավունք չի ամրագրում: Եթե ցանկանում եք, ապա կարող եք դիմել դատարան եւ ստանալ Ձեր աշխատած ողջ ժամանակահատվածի համար պակաս վճարված գումարը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Խոսքն այս դեպքում ոչ թե նվազագույն աշխատավարձի, այլ ավելի շատ մարդու շահագործման մասին է: Առանց այն էլ նվազագույն աշխատավարձ կոչվածը խորհրդանշական վճարաչափ է հիշեցնում, քանի որ անձն օրը հազար դրամով գոյությունը պահպանել չի կարող: Սակայն պարզվում է, որ գործատուները առանձին դեպքերում զլանում եմ նույնիսկ նվազագույն աշխատավարձի չափով մարդկանց վճարել, ինչը ՄԻՊ գնահատմամբ ոտնահարում է աշխատակցի իրավունքները:  Արմինե Բաբայանը, իհարկե, կարող է դատական կարգով շատ արագ վերականգնել իր ոտնահարված իրավունքը, բայց այստեղ էլ առաջ է գալիս աշխատանքից ընդհանրապես զրկվելու վտանգը, քանի որ աշխատակցի ընդվզմանն ի պատասխան` գործատուն որպես ամենահարմար պատժամիջոց կարող է ընտրել աշխատանքային համագործակցության դադարեցումը:




Լրահոս