Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դուստրը քիչ առաջ նրա մոտ է եղել: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց Հայրապետյանի գործընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանը:
Armlur.am-ը նաև հետաքրքրվեց, թե նա ինչպես է գնահատում գործարարի ձերբակալության արձագանքները Հայաստանում:
«Ես առաջին դեմքի մակարդակով չեմ ասում, բայց նրա ընկերները, ովքեր հիմա արվեստագետներ են, եկեղեցականներ են, մտավորականներ են, գոնե նրանցից մինիմում հայտարարություններ ենք ակնկալում», – ընդգծեց նա՝ հավելելով, թե անուններ չի կարող նշել, քանի որ ցանկը շատ մեծ է:
«Նա բոլորին օգնել է, հիմա ո՞ւր են այդ մարդիկ: Չսկսենք էլի իշխանություններից: Ոչ մի քայլ չկա: Հասկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հաշիվներ ունեն Ռուսաստանի հետ, բա մյուսները», – նշեց նա` ընդգծելով, որ բոլորն էլ կարող էին արտահայտվել, թե ՀՀ ոստիկանապետը, թե Սփյուռքի նախարարությունը:
«Չէ՞ որ Լևոնը սփյուռքից է. մի նախադասություն Սփյուռքի նախարարությունից պետք է դուրս գար», – նշեց նա՝ անդրադառնալով նաև Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարությանը, թե նրան տանելու են, մի քանի հարցեր տան և բաց թողեն.
«Ոչ մի բան էլ նա չգիտեր: Ինքը հայտարարություն արեց պարզապես «աչոկներ» շահելու համար: Ես այդպես եմ հասկանում», – եզրափակեց նա: