Այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ի պաշտպանություն Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի: Ասուլիսի ընթացքում կապ հաստատվեց այս պահին Մոսկվայում գտնվող իրավաբան Արթուր Սաֆարյանի հետ, ով հանդիպել էր Հայրապետյանի փաստաբանին և մի քանի մանրամասներ հաղորդեց:
Նա նշեց, որ այս պահին հայազգի գործարարը գտնվում է Մոսկվայի բերդերից մեկում և նրա առողջական վիճակը վատ է: Սաֆարյանի խոսքով՝ իրենք միջնորդություն են ներկայացրել, որ խափանման միջոց կալանքը փոխվի, սակայն քիչ հավանական է, որ դա տեղի կունենա: Նա հայտարարեց, որ նրան ձերբակալել են օրենքի խախտումով:
«Իրեն, համաձայն ՌԴ գործող օրենքի, այդ հիվանդություններով կալանքի տակ պահելու իրավունք չունեին, բայց դա դատարանը հաշվի չի առել և կալանավորել է: Դե եթե պատվերով է գործը, դա նորմալ է», – նշեց նա՝ հավելելով, որ դա թե՛ քաղաքական պատվեր է, թե՛ տնտեսական: