Գազի որակը համապատասխանում է գործող միջպետական ստանդարտին.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: Նման հավաստիացում այսօր Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը: Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ ցածր: Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող “Կարմիր կամուրջ” գազաչափիչ կայանում, ինչպես նաև հայ-վրացական սահմանին գտնվող “Կողբ” գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել: “ՀայՌուսգազարդ”-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկումների արդյունքում Ասոցիացիայի աշխատանքային խումբը՝ նախագահ Մելիտա Հակոբյանի ղեկավարությամբ, ընդունեց այն եզրակացությունը, որ բնակիչների բողոքները հիմնականում անարդարացի են: 




Լրահոս