Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղ գործնական նպատակով չէր գնացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժնում գտնվող Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ու մյուս երկու վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Ինչպես լրագրողներին  հայտնեց Էրեբունի ԲԿ փոխտնօրեն, բժիշկ Միքայել Մանուկյանը, վիրավորներն ունեն բազմաթիվ վերքեր, կոտրվածքներ:

Տվյալ պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդներից երկուսին այսօր շտապ վիրահատել են:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինքը տեղյակ չէ` ինչու էր քաղաքապետը ժամանել Քաշաթաղ: Մարզպետի խոսքով` Ռուբեն Խլղաթյանն արձակուրդում է և Քաշաթաղ աշխատանքային այցով չէր գնացել:

«Դեռևս չգիտեմ` Խլղաթյանն ինչու էր Քաշաթաղ գնացել»,- ասաց մարզպետը:

Տեղեկացնենք, որ տարածված լուրերի համաձայն` Արմավիրի քաղաքապետն ու իր հետ այնտեղ գտնվողները որսի համար էին գնացել: Սակայն այս տեղեկությունը հերքեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը` նշելով, որ այն հատվածում, որտեղ պայթել է ականը, որսն արգելվում է:

Վիրավորների վիճակի մասին` առավել մանրամասն` տեսանյութում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, Քաշաթաղի հյուսիսային մասում «Տոյոտա պրադա» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում:




Լրահոս