Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը պետք է փոխվի. ԼՂՀ ԱԺ պատգամավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խումբը հայտարարություն է տարածել, որով կոչ են անում փոխել Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը: Հայտարարությունում նշվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի

Հայտարարությունը

Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը:

Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին: Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝ «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք», խմբակցություններ եւ «Արցախատուն» պատգամավորական խումբ»

22 հուլիսի, 2014թ. ք.Ստեփանակերտ




Լրահոս