«Ես զինվորական եմ, և երբ ասում եմ ճշմարտությունը, ինձ քննադատում են: Սակայն ես երբեք չեմ փորձել քննադատել մեր նախագահներին՝ ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին, ո՛չ երրորդին, քանի որ ես նրանց բոլորին հարգում եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ ի պատասխան այն հարցի, թե համաձայն է արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետի հետ, թե ԵՏՄ-ին անդամակցության հետաձգումը կախված է Ղարաբաղի հարցի ու մասնավորապես մաքսակետեր դնել-չդնելու հետ:
«Այն, ինչ գրում է, իր անձնական տեսակետն է: Ինչո՞ւ մենք պետք է մտածենք այնպես, ինչպես բոլորն են մտածում: Նա գրում է, որ ինտեգրացիոն պրոցեսի հետաձգումը Ղարաբաղի հետ է կապված: Ես չպիտի նրան քննադատեմ, դա իր կարծիքն է»,-հավելեց Կոմանդոսը:
Վերջինս շեշտեց նաև, որ քաղաքական հարցերով ինքը չի զբաղվում, իսկ ովքեր զբաղվում են, կարող են հետևել կամ էլ չհետևել առաջին նախագահի խորհուրդներին:
Ինչպես armlur.am-ն արդեն հայտնել էր` օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը՝ նշելով, որ այդ հարցի ուշացումը հիմնականում կապված է Ղարաբաղի հարցի հետ: